«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աթոռ չստացավ: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ես խորապես ցավում եմ այս միջադեպի համար: Եթե դա հնարավոր լիներ, ես կվերադառնայի հետ և կշտկեի այն: Դա մղձավանջային միջադեպ էր», - ասել է Միշելը «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում:
«Չեմ թաքցնում, որ այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում, քանի որ այդ տեսարաններն անընդհատ գլխումս են: Ես վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, շատ ավելի լուրջ միջադեպ կհրահրեմ»,- ընդունել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Անցած երեքշաբթի Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լեյենի ու Միշելի հետ: Համացանցում հրապարակված այս հանդիպման կադրերը ցույց են տալիս, որ կազմակերպիչները բանակցողների համար տրամադրել են ընդամենը երկու աթոռ՝ Եվրամիության և Թուրքիայի դրոշների ֆոնին: Նրանցից մեկը գրավեց Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը: Եվրահանձնաժողովի ղեկավարը ստիպված էր բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, ով, ըստ դիվանագիտական արարողակարգի, ավելի ցածր աստիճանի է:
Ավելի վաղ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում ՝ եվրախորհրդարանականներ, քննադատել էին Անկարայում տեղի ունեցած միջադեպը: Չխնայեցին նաև Եվրոպական խորհրդի ղեկավարին, որը, ըստ որոշ պատգամավորների, պետք է հոգար ֆոն դեր Լեյենի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի հարցը:
Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը չորեքշաբթի օրը ասել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր թիմին արդեն հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա միջազգային այցերում նման իրավիճակներից խուսափելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
- Քուրդ պատգամավորը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չտալը կապեց տղամարդկանց դոմինանտ դիրքի հետ
- Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան