Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ շարժիչները ներկայումս մշակվում են Ռուսաստանի Դաշնությունում:
«Հիմա մենք նույնիսկ սկսել ենք երազել դեպի հսկա մոլորակներ թռչելու մասին: Մինչ այս պահը, նախկինում երբեք ո՛չ Խորհրդային Միությունում, և ո՛չ էլ Ռուսաստանում չեն թռչել դեպի այդ մոլորակներ, բայց մեր ունեցած ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ դա կարելի է անել»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական հարցերով ղեկավար Լև Զելենին:
Ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է ավտոմատացված տրանսպորտային միջոցին, որն Արեգակնային համակարգի շուրջ պտույտ կկատարի 40 տարուց էլ կարճ ժամանակում: Բացի այդ, գիտնականները քննարկում են էլեկտրահրթիռային շարժիչներով թռչելու հնարավորությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը հայտնել էր, որ գիտնականներն առաջարկել են 2030 թվականից հետո Արև ուղարկել մի քանի փոքրիկ կամիկաձե զոնդ՝ արևային քամու արագացումը ուսումնասիրելու համար: