Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը։
«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի»,- ասել է կենտրոնի ղեկավարը:
Ըստ Ամիրան Գամկրելիձեի, վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան խնջույքներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։
Ըստ վերջին տվյալների, Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։
Նշվում է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել են AstrZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում Pfizer-ով և AstraZeneca-ով ընդհանուր առմամբ պատվաստվել է 12 846 մարդ
- Վրաստանում հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում