Այս պահից սկսած ՍԱԾ-ն և ՏՄՊՊՀ-ն առանց զգուշացման ստուգումներ են իրականացնելու. Գեղամ Գևորգյան
«Մենք չենք կարող ձու ներմուծել, արտադրել, մենք կարող ենք միայն վերահսկել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը, որի հետ կապված էլ հանձնաժողովը վարույթ է հարուցել դեռևս մարտի վերջին»,- անդրադառնալով հավի ձվի շուկայում արձանագրված թանկացումներին՝ լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նկատեց, որ վարույթի ընթացքում հայտարարություններ չի անի, որպեսզի չազդի դրա ընթացքի վրա, իսկ ավարտից հետո բոլոր հարցերի պատասխանները կտա:
Նշելով, որ ակտիվ աշխատում են բոլոր ուղղություններով և վերահսկում են նաև ձվի շուկայի հետտոնական վիճակը՝ ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ չկա տեղեկատվություն, որը չի հավաքագրվում իրենց կողմից:
Գևորգյանը հիշեցրեց, որ 2019 թվականի վերջին ՏՄՊՊՀժն վարչական տույժի էր ենթարկել ձվի արտադրության ոլորտի տնտեսվարողին, բայց այն ներկայում բողոքարկվում է դատարանում:
Հանձնաժողովի նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ տնտեսվարողների հետ կազմակերպված հերթական քննարկումն ուղղված է կաթնամթերքի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելուն և բացառելուն։
Նա նշեց, որ ի տարբերություն կաթի ու թթվասերի՝ կարագի շուկայում իրավիճակն անհամեմատ լավ է, իրավախախտումներ չեն հայտնաբերվել։
Գեղամ Գևորգյանը նաև նկատեց, որ կաթնամթերքի շուկայում գների բարձրացում գրեթե չկա, որը պայմանավորված է ոլորտում բարձր մրցակցությամբ։
Նա կարևորեց ապրանքների ճիշտ մակնշումը, որպեսզի սպառողն իրեն խաբված չզգա և հավաստիացրեց, որ համապատասխան աշխատանքներ են տարել սուպերմարկերտներում, որտեղ արդեն տարանջատված են բուսական յուղ պարունակող և կենդանական յուղով պատրաստված կաթնամթերքները, ընդգծեց նաև փոքր խանութներում այն ներդնելու անհրաժեշտության մասին:
«Այս պահից սկսած Սննդամթերքի անվտանգության ծառայությունը և մեր հանձնաժողովն առանց զգուշացման պարբերական ստուգումներ են իրականացնելու, որպեսզի հայտնաբերեն այդ իրավախախտումները»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են