Մակնշված է թթվասեր, բայց նրանում հայտնաբերում ենք բուսական յուղ պարունակող մթերք. Գեղամ Գևորգյան
«Մեր երազանքն է, որպեսզի հանձնաժողովն անգործության մատնվի, գործ ընդհանրապես չունենա»,- կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանն ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա հայտարարեց, որ ակնկալում են մրցակցության և սպառողների շահերի պաշտպանվածության այնպիսի մակարդակ, որից հետո հանձնաժողովի ծառայությունների անհրաժեշտոթյունն այլևս չզգացվի, իսկ քննարկման նպատակն է տնտեսվարողներին նոր ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթների ներկայացնելը ու դրանց շուրջ քննարկումներ ծավալելը:
Գևորգյանը հայտնեց, որ ՏՄՊՊ-ն վերջին երկու տարվա ընթացքում 3 խոշոր ստուգում է իրականացրել կաթնամթերքի ոլորտում, և ամեն ստուգումից հետո արձանագրվել են ավելի քիչ իրավախախտումներ, բայց դրանք մինչև այսօր կան:
Նա հայտարարեց, որ հանձնաժողովի նպատակն անընդհատ իրավախախտումներ գտնել և տուգանելը չէ, այլ՝ դրանց կանխարգելումը:
«Նայեք, հարգելինե՛րս, սպառողը երբ մտնում է խանութ և փորձում է կաթնամթերք ձեռք բերել, դրանք պետք է այնպիսի պարզությամբ մակնշված լինեն, որ վերջիններս հատուկ գիտելիքների կարիք չունենան, որպեսզի հասկանան՝ այն թթվասեր է, թե այդ տեխնոլգիայով պատրաստված բուսական յուղ պարունակող մթերք»,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը:
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ապրանքի վրա մակնշված է թթվասեր, բայց լաբորատոր ուսումնասիրությունով հայտնաբերել են, որ այն բուսական յուղ պարունակող մթերք է:
Նկատելով, որ խանութներում թթվասերային մթերքը նույն գնով է վաճառվում, ինչ թթվասերը՝ հանձնաժողովի նախագահը եզրակացրեց, որ դրանով արտադրողը ցանկանում է իր ապրանքն այլ ապրանքի անվան տակ վաճառել:
Նա տնտեսվարողներին տեղեկացրեց, որ երկու ամսից նոր օրենքը մտնելու է ուժի մեջ, սկսվելու են ստուգումները և ցանկալի չէ, որ անընդհատ արտադրողին բերեն վարչական պատասխանատվության իրավահարաբերությունների դաշտ:
«Ոչ թե գնանք անդադար տուգանքներ նշանակելու մեխանիզմով, այլ բարեխիղճ տնտեսություն վարելու և մրցակցելու մեխանիզմով»,- կոչ արեց Գեղամ Գևորգյանը և հավելեց. «Եկեք աշխատենք հայկական ապրանքի որակի վրա և ցույց տանք, որ կարող ենք որակյալ ապրանք արտադրել և վաճառել»: