«Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
«Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ։ Գիտուժը վերահաստատում է իր պահանջը»,-նման հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ արձագանքելով գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելացման՝ կառավարության ապրիլի 8-ի որոշմանը։
«Գիտուժ»-ը համարում է, որ ընթացիկ տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների 2 մլրդ դրամով ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջև ծառացած խնդիրներին և կրում է ընդամենը մարտավարական բնույթ։ Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում և որոշ դրամաշնորհային ծրագրեր:
«Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը և գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը:
Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:
«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։
Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները և հետևողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։
Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- ԳԱԱ և ԵՊՀ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են սահմանադրությանը
- Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
- «Գիտուժ»-ը մի քանի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո ցավալի արձանագրումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան