Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո 2019 թվականին Էրիկ Գևորգյանը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Մարտակերտում, թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար էր մինչև… 2020 թվականի հոկտեմբերի 8-ը:
Ընկերասեր, կյանքը սիրող, ակտիվ, պատասխանատու… Էլմիրա Շահնազարյանն այսպես է բնութագրում իր որդուն՝ Էրիկին, ով վիրավորվել էր մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը, սակայն մինչև հիվանդանոց հասցնելը մեքենայի մեջ մահացել է:
«Պատերազմը երբ սկսվեց, առաջին օրը չկարողացանք խոսել իր հետ, հետո արդեն, ոչ հաճախ, բայց խոսում էինք: Հոկտեմբերի 8-ի առավոտյան խոսել ենք հետը, ասաց՝ մեզ մոտ լավ է, նորմալ է: Ժամը երեքին լուրը ստացանք, որ վիրավոր է, տեղափոխում են Երևան: Երեք օր ման էինք գալիս Երևանի հիվանդանոցներում, չէինք գտնում: Պարզվեց Գորիսում է եղել, չեն հասցրել հիվանդանոց: Գլխի և մեջքի շրջանում էր վնասվածք ստացել, հիմնականում գլխի շրջանում:
Իր զինվորները պատմել են, որ Էրիկը որպես հրամանատար, հրաման է տվել, թույլ չի տվել, որ իր զինվորները կրակեն, այլ ինքն է գնացել ու քաշել հրանոթի թելը, փորձել է փրկել իր զինվորներին: Շատ պատասխանատու մարդ էր»,- Paorama.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին պատմում է տիկին Էլմիրան:
Անընդհատ, ամեն վայրկյան հիշում են Էրիկին, «նույնիսկ քնած ժամանակ»:
«Առանց իմ Էրիկի շատ դժվար է: Այնքան երազանքներ, նպատակներ ուներ, կյանքի նկատմամբ մեծ ձգտում ուներ: 7-րդ դասարանում ինքնուրույն սովորեց ծրագրավորում, 8-րդ դասարանում արդեն աշխատում էր: Տարբերվում էր դասընկերներից, շատ հասուն ու կազմակերպված էր:
Կարդում էր բազմազան գրքեր, ուսումնասիրում տարբեր բիզնեսներ: Ասում էր՝ բիզնեսներ եմ դնելու:
Միշտ ասում էր՝ մամ, էս երկիրը ես եմ երկիր սարքելու…»,- ասում է Էրիկի մայրը:
Էրիկը բանակից վերադառնալու էր այս տարվա սեպտեմբերին, ընդունվելու էր Կառավարման ակադեմիա՝ մագիստրատուրա:
«Մտածում էի՝ այս մի տարին ոնց է անցնելու, որ վերադառնա: Ինձ թվում էր՝ չի վերջանալու, հիմա նայում եմ արդեն 6-7 ամիս անցել է սեպտեմբերից: Ո՞նց անցավ այդ ժամանակը: Հիմա ցավ եմ ապրում, որ սեպտեմբերին չի գալու Էրիկս …»,- ասում է տիկին Էլմիրան:
Պատերազմում զոհվել է նաև Էրիկի հորաքրոջ տղան՝ Գոռ Սարգսյանը, ով զորակոչվել էր 2020 թ. հուլիսին, մեկ ամիս կարանտինում մնալուց հետո տեղափոխվել էր Հադրութ:
«Պատերազմը սկսվելուց հետո երեխաներին անընդհատ տեղափոխել էին: Վերջում հայտնվել էին Շուշիում շրջափակման մեջ: Զանգել էր տուն, ասել՝ վիրավոր են, բայց չեն կարող իրենց փրկել, քանի որ շրջափակման մեջ են: Նոյեմբերի 7-ին է եղել, մինչև գիշերվա ժամը 2-ը կապ ենք ունեցել հետը, սակայն հետո հեռախոսն արդեն անջատվել էր, կապ չենք ունեցել: Հետո գտել ենք զոհված»,- պատմեց տիկին Էլմիրան:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվում է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով:
«Երբ տիկին Արմինեն («Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյան) ասաց այդ ծրագրի մասին, մի պահ մտածեցի՝ լավ, դա ինչ է ինձ տալու: Հետո մտածեցի՝ պետք է իմ որդու անունը հնարավորինս շատ տեղ հնչի, հնարավորինս շատ մարդ ճանաչի Էրիկիս, լսի նրա սխրանքների մասին, լսի նրա պատմությունը, պետք է ապրի բոլորի մեջ: Մի փոքրիկ մխիթարանք է»,-ասում է տիկին Էլմիրան:
Այսօր ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տրվեց «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի» մեկնարկը:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գործընկերային համաձայնությունը. յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակը կշնորհվի ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
• առաջադիմություն,
• գիտական նորարարություն,
• պատերազմին մասնակցած լինելու և կրթությունը ֆիզիկայի ֆակուլտետում շարունակելու հանգամանք,
• քաղաքացիական հանձնառություն,
• այլ։
Ուսանողի/մագիստրոսի/ասպիրանտի ընտրության անաչառությունն ապահովելու նպատակով որոշվեց «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակի» շահառու ուսանողի ընտրությունն իրականացնել ֆակուլտետի դեկանի և դասախոսների, գիտության և կրթության զարգացման գործում ճանաչված մասնագետների, Էրիկի ծնողների և բարերարների ընդհանուր համաձայնությամբ։ Ֆակուլտետն արդեն ներկայացրել է արժանավոր թեկնածուների ցանկ, որից հանձնաժողովը կընտրի այս կիսամյակի մրցանակակիր երիտասարդին։ Այս կարգով՝ կիսամյակը մեկ, հետագայում կընտրվեն նաև այլ շնորհառու երիտասարդ ֆիզիկոսներ։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքի ծրագրավորման աշխատանքներին Էրիկի հետ մասնակցած, գերմանաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը ստանձնել է կոնկրետ այս մրցանակի ֆինանսավորման հանձնառությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
- Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը
- Ապրել, ապրել․ ապրել, որ նրանց երազանքները իրականություն դառնան. «Փառքի պատի» խորհուրդը
- «Հավերժ փառք Գևորգներին»
- Եռաբլուրում եմ... Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան
- Հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի. մոմավառություն Եռաբլուրում
- Վաղը մոմավառություն՝ Եռաբլուրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան