«AstraZeneca»-ով պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ 55 և ավելի. Անահիտ Ավանեսյան
«Վերջին մեկ շաբաթում ունենք կայուն լարված իրավիճակ, այսինքն՝ հիվանդացության նվազում չունենք, բայց ունենք կայունացում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, հիվանդության դրական թեստ ստացածներից շատերը ծանր են տանում հիվանդությունը և այս պահին հիվանդանոցներում կա 2600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են։
«Մենք ունենք ևս մի փոքր հնարավորություն մահճակալային ֆոնդը ավելացնելու, բայց պիտի ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,- նշեց նա։
Ըստ նախարարի, ծայրահեղ ծանր ընթացքի բավականին լայն համամասնություն կա, ուստի մարդիկ պետք է լուրջ զգոնություն դրսևորեն։ Նա նկատեց՝ պատվաստման ճիշտ գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը հենց դրանով է պայմանավորված։
«Մեր առաջին պայմանագիրը «AstraZeneca»-ի հետ է, և այս պահին նաև ավարտին ենք հասցնում «Novavax»-ի ձեռքբերումը, և էլի կլինեն առաջարկներ, որոնք կդիտարկվեն։ Մենք երկկողմանի պայմանագրեր ունենք ՌԴ-ի հետ, և արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում Հայաստան է բերվել 15 հազար դեղաչափ, որը նախատեսված է 7500 հոգու համար։ Բայց դեռ պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն»,- ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Չինաստանի առողջապահության նախարարության կողմից ունի նախնական համաձայնություն՝ դոնորության շրջանակում Հայաստանին պատվաստանյութ տրամադրելու վերաբերյալ, որը ևս մոտ ժամանակներս կլինի Հայաստանում։
«Կապված «AstraZeneca»-ի օգտագործման ցուցումներում եղած փոփոխությունների հետ՝ լրացուցիչ ապահովության և անվտանգության համար, կիրառվել է տարիքային սահմանափակում։ Մենք որոշել ենք, որ «AstraZeneca»-ով պատվասմտան համար կսահմանենք տարիքային շեմ՝ 55+։ Ռիսկի առաջին խմբում 65+ տարիքային խմբի քաղաքացիներն են, 55+ տարիք ունեցող բուժաշխատողդներն ու քրոնիկ հիվանդները և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, որոնք ևս 55+ տարիք ունեն»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ռուսական «Sputnik V»-ի օգտագործման ցուցումներին, ապա Անահիտ Ավանեսյանը նշեց՝ քանի որ պատվաստանյութի քանակը սահմանափակ է, նախարարությունը սահմանել է հետևյալ խմբերը՝ 18-54 տարեկան բուժաշխատողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ ու աշխատակիցներ։
«Ժամանակի ընթացքում այս ցուցումները կվերանայվեն, երբ մենք կունենանք նոր խմբաքանակներ։ Նման բաժանման նպատակն այն է, որ նախ բուժաշխատողների համար հստակեցումներ լինեն, ապա քաղաքացիները հստակ իմանան՝ որ պատվաստանյութով են պատվաստվելու»,- նկատեց նա։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ պատվաստումները մայրաքաղաքում կսկսվեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ 14-ից.
«Նախ կսկսվեն «AstraZeneca»-ով, ապա 2-3 օր անց նաև «Sputnik V»-ով պատվաստումները։ Պատվաստման գործընթացը կլինի ըստ հերթագրման»։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում 600 հոգի արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։
Նրա խոսքով, հիմնական անհանգստացողները ռիսկի խմբերում ներառված անձինք են և տարեցները, բայց կոնկրետ պատվաստանյութի համար այս պահին չեն հերթագրում:
«Եթե անձը նախընտրում է որևէ կոնկրետ պատվաստանյութ, այս պահի դրությամբ նրան չեն հերթագրում: 55-ից բարձր տարիքի և ռիսկի խմբերում ներառված անձանց մոտ ապագայում նախատեսվում է պատվաստել «AstraZeneca» պատվաստանյութով, իսկ մինչև 55 տարեկաններին՝ «Sputnik V»-ով։ Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները
- Դեղերի Եվրոպական գործակալությունը հաստատում է AstraZeneca-ի և թրոմբոզի միջև կապը
- Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան