Հայաստանն ազատ մուտք կունենա սերբական շուկա
Մեկնարկել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է ԵԱՏՄ-ի և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին հարցը։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանը դեռ չի վավերացրել նշյալ համաձայնագիրը։
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի խոսքով, նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
«Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝ ապահովել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ հօգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ստեղծելուն, ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություն, ինչպես անդամ մյուս պետությունների դեպքում է։
Այսինքն՝ սրանով դիսբալանսը վերանում է, քանի որ 3 անդամ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան արդեն ունեին զրոյական մաքսատուրքերով սերբական շուկա դուրս գալու հնարավորություն»,- ներկայացրեց Վարոս Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ, համաձայնագրով Սերբիային հնարավորություն է տրվում շուկայի մուտքի միասնական ռեժիմ։ Ինչ վերաբերում է համաձայնագրով առաջարկվող զիջումներին, ապա կաթնամթերքի մասով ԵԱՏՄ-ն Սերբիային թույլ է տալիս պինդ և կիսապինդ պանրի որոշ տեսակների՝ առանց մաքսատուրքի 400 տոննայի չափով ներկրման քվոտա։
«Իսկ այծի և ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտք կապահովվի»,- ասաց փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են