Մարդու առաջին թռիչքը Տիեզերք՝ նոր դարաշրջանի սկիզբ
«Հայ գիտականները Տիեզերքի ուսունասիրությունների ուղղությամբ շարունակում են տարբեր ծրագրերի, խնդիրների իրականացումը՝ համագործակցելով ռուս գիտնականների հետ»,- Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում ընթացող «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, Գագարինի անվան ոսկե մեդալակիր Ռադիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ միջազգային գիտահանրամատչելի կոնֆերսանը նվիրված է Տիեզերքի նվաճման 60-ամյակին: Այն կազմակերպվել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախաձեռնությամբ: Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ապրիլի 10-12-ը նշում է «Տիեզերագնացության օրը»:
Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ Գագարինի թռիչքը Տիեզերք շատերը համեմատում են Ամերիկայի հայտնագործման հետ:
«Իրականում գիտնականների, հասարակության պարտքն է գիտակցել, նշել, թե ինչպիսի կարևորություն ունեն նման իրադարաձությունները մարդկության զարգացման գործում:
Հիմա մարդկության ամբողջ գործունեությունն արդեն տեղափոխվում է Տիեզերք՝ քարտեզագրում, աստղաֆիզիկա, օվկիանոսագիտություն, նույնիսկ գյուղատնտեսական հետազոտությունները: Տարբեր ուսումնասիրություններ կատարվում են Տիեզերքից, որն ավելի բարձր մակարդակով է արվում, քան ինչ արվում էր երկրից, բայց ավելի թանկ է»,- ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց Խորհրդային միության մի մասը լինելու շնորհիվ զգալի ներդրում է ունեցել տիեզերական հետազոտությունների և տիեզերագնացության ոլորտում:
«Հայաստանն իր աստղագիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ունի համագործակցությունների հաստատման և տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար»,- ասաց Ա. Միքայելյանը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկմանն ունեցած ելույթում ասաց, որ 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինի մեկ պտույտը Երկրագնդի շուրջ մարդկության պատմության մեջ շրջադարձային է եղել, սկսվել է տիեզերական դարաշրջանը, մեծ բացահայտումների ժամանակաշրջանը:
«Ժամանակակից կյանքի նվաճումների մի մասը մարդկությունը պարտական է հենց տիեզերական թռիչքին»,- ասաց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Հայաստանը մեծ պոտեցիալ ունի այս ոլորտում, ժամանակին իր մեծ ներդրումն է ունեցել, Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է ռուսական մի շարք հետազոտական կենտրոնների, ինստիտուտների հետ:
Լրագրողների հետ զրույցում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց, որ այս միջոցառման նպատակն է առավելագույնը ներկայացնել Տիերզերքի դերը մեր այսօրվա աշխարհում: Նա նշեց, որ հաճելի է համագործակցել հայկական կազմակերպությունների հետ, ինչը ցույց է տալիս, որ սա մեր ընդհանուր պատմությունն է:
«Կյանքը, գիտությունը զարգանում է, կյանքը փոփոխություններ է պահանջում, Տիեզերքի դերը շատ մեծ է: Բյուրականի աստղադիտարանի դերն այս ոլորտում ինչպես մեծ էր նախկինում, այնպես էլ հիմա»,- ասաց Վ.Կարապետյանը:
Նա հույս ունի, որ այս ոլորտում համագործակցությունը կշարունակվի Հայաստանի ու ՌԴ-ի միջև:
Խորհրդային տարիներին Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տաասնյակ տիեզերագնացներ: Հայաստանը մեծ ներդրում ունի տիեզերագնացության զարգացման գործում: Շնորհիվ գիտական ձեռքբերումների՝ Բյուրականի աստղադիտարանը դարձել է աստղաֆիզիկոսների տարածաշրջանային կենտրոն:
Վ.Կարապետյանը հայտնեց, որ Տիեզերագնացության օրվան ընդառաջ նախաձեռնել էին մի շարք միջոցառումներ՝ տարիքային տարբեր խմբերի համար: Միջազգային կոնֆերանսին զուգահեռ տեղի է ունենում «Առաջինը Տիեզերքում. մեր Գագարինը» ցուցահանդեսի բացումը:
Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը: ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը:
2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենարային հատուկ նիստի ժամանակ ընդունվել է բանաձև, որը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 12-ը «Մարդու տիեզերք թռչքելու» միջազգային օր: Բանաձևը ստորագրել են ավելի քան 60 երկրներ:
Հարակից հրապարակումներ`
- Գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Տիեզերագնացության օրվան
- Միջոցառումներ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին
- Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ