«Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը
«Անցած օրը Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված պուրակը, որը ոչ այլ ինչ է, քան համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում»,- այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով, 21-րդ դար մտած, բայց նախամարդուն բնորոշ վայրագ բարքերին դավանող Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հակահայկական անմոռաց ատելությամբ պարուրված իրենց քաղաքականությունը, որը մեծ հաշվով սպառնում է նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
«Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում՝ հայկական քաղաքական հարթակում պարբերաբար հնչող ձևակերպումները՝ հարևանների հետ երկխոսելու, մեր հայրենիքի մաս կազմող այս կամ այն տարածքի պատկանելության հարցում կասկածներ հայտնելու վերաբերյալ, առնվազն մտահոգիչ են և անթույլատրելի։ Առհասարակ, կարծում եմ, որ դրանք կարող են կասկածի տակ դնել հայության համար արմատական նշանակություն ունեցող մի շարք հարցեր»,- նկատեց պատգամավորը։
Նա նշեց, որ լսելով հայ-թուրքական ապագա առնչությունների վերաբերյալ վերջին շրջանում հնչեցվող որոշ մտքեր, իր մտքին է գալի Վարդան Այգեկցու «Այծերն ու գայլեը» հայտնի առակը, որի ավարտն ավելի քան խոսուն է՝ գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդներն այդ ժամանակ չկային։
«Մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած այս մարտահրավերների պարագայում ժամանակավրեպ և կեղծ խաղաղասիրական է վերը նշված օրակարգը։ Դասեր է պետք քաղել պատմական անցյալից, խաղաղությունը չեն մուրում։ Դատապարտված է խաղաղություն մուրացող ժողովուրդը։ Խաղաղասիրություն կարող է լինել, բայց ոչ սեփական ժողովրդի ոտնահարվող արժանապատվության հաշվին։ Ի վերջո, խաղաղությունը պետք է համահունչ լինի ազգային, պետական շահին»,- եզրափակեց խոսքը Գոռ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բացում եք սահմանը, որ ի՞նչ անեք․ Մ. Մինասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին
- Ալվինա Աղաբաբյան. Թուրքական շահն էս պահին Հայաստանից ռուսական ներկայության դուրսբերումն է
- ««Իմ քայլի» թուրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է՝ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում»