Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատում երեկ տեղի է ունեցել Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը։ Մրցանակի արժանի թեկանածու ընտրելու նպատակով ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին՝
• ֆտի դասախոսներ Աշոտ Մելքոնյանը, Էմիլյա Կարապետյանը և Ժակլին Մարտիրոսյանը,
• Էրիկի ծնողները՝ Էլմիրա Շահնազարյանը և Արմեն Գևորգյանը, ընտանիքի բարեկամ Խաժակ Կարայանը,
• Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սարգիս Զեյթունյանը,
• «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը։
Zoom տեսազանգով քննարկմանն էին միացել
• բեռլինահայ բարերարներ Լուսինե Զեյթունյանը և Օսկար-Սալվադոր Մորիյո-Վիկտորիան,
• կրթության և մշակույթի գործիչներ Լուսինե և Րաֆֆի Քասարջյանները։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ մրցանակի հավակնորդ ուսանողների հետ առաջին հանդիպման ընթացքում որոշակիացվել է մրցանակակրի ընտրության մեթոդաբանությունը, հաստատվեցին նպատակները՝
• հնչեցնել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների անունները, ներկայացնել նրանց սխրանքը,
• այդ նպատակն իրականացնել՝ խրախուսելով գիտակրթական հաստատություններում սովորող օժտված երիտասարդներին,
• վերահաստատել մեր ժողովրդի համար ավանդաբար ազգային արժեք համարվող կրթության և գիտության զարգացման կարևորության գիտակցումը՝ կապելով այն նվիրյալների հերոսացման օրինակների հետ,
• կամուրջ ստեղծել պատերազմի հերոսների ընտանիքների և առաջադեմ ուսանողների միջև, պարբերական փոխայցեր և այլ միջոցառումներ կազմակերպել,
• նպաստել «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակի» մոդելի ձևավորմանը և գաղափարի տարածմանը,
• պատկան մարմինների, բարեգործական կազմակերպությունների/անձանց ուշադրությունը վերստին ուղղորդել դեպի զարգացման ծրագրեր և գիտահեն տնտեսություն կառուցելուն միտված ներդրումներ։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գործընկերային համաձայնությամբ յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակը կշնորհվի ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
• առաջադիմություն,
• գիտական նորարարություն,
• պատերազմին մասնակցած լինելու և կրթությունը ֆիզիկայի ֆակուլտետում շարունակելու հանգամանք,
• քաղաքացիական հանձնառություն,
• այլ։
«Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակի» շահառու ուսանողի ընտրութան առաջին փուլից հետո որոշվել է մրցանակի մասնակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով ֆիզիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջում հայտարարություն զետեղել, ապա կազմակերպել երկրորդ փուլը՝ ընդգրկելով հայտ ներկայացրած և մրցույթի չափանիշներին համապատասխանող այլ ուսանողների ևս։ Երկու փուլերի ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում հանձաժողովը կընտրի այս կիսամյակի մրցանակակիր երիտասարդին։ Այս կարգով՝ կիսամյակը մեկ, հետագայում կընտրվեն նաև այլ շնորհառու երիտասարդ ֆիզիկոսներ։
․․․ Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվեց մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին