Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
Սովորաբար դետեկտիվն ավարտվում է, երբ բացահայտվում են հանցագործները կամ լրտեսները։ Դե հա, պատռված դիմակներով գործող անձանց հետագա խաղը ծաղր կլիներ հանդիսատեսի նկատմամբ։ Իսկ այ 5000-ամյա հարուստ մշակույթով հպարտացող հայ ազգը խոնարհաբար ծաղրվում է հայրենիքի բացահայտված դավաճանների և թուրքի գործակալների կողմից։ Մի՞թե ծաղր չէ մեր այս կյանքը։
Ծաղր է նոյեմբերի 10-ից հետո Նիկոլի վարչապետության ամեն հավելյալ օրը։
Ծաղր է կրկնակի գործակալ լինելու մեջ մեղադրվող ԱԺ նախագահի պաշտոնավարման շարունակությունը։
Ծաղր է Ազգային հերոսներին մոտ երեք տարի քաղաքական հետապնդման ենթարկելը գոյություն չունեցող քրեական հոդվածով։
Ծաղր է անհետ կորածների հարազատներին անդադար մոլորեցնելը։
Ծաղր է գահավիժած տնտեսության և ահագնացող գնաճի պայմաններում Արմենպրեսի և Հ1-ի ներկայացրած ծաղկուն Հայաստանը։
Ծաղր է Ադրբեջանի նախագահի կողմից անթաքույց ծաղրվելը, և ամեն պատեհ-անպատեհ առիթով իր հաղթանակով պարծենալը՝ անպայման հայերին նվաստացնող նոտաներով։
Ծաղր է Ալիևի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից ավելի շատ աջակցություն ստանալու ակնկալիքը։ Ո՞ւմ նկատի ունի՝ սորոսականների՞ն, թրքասերների՞ն, գործող վարչախմբի՞ն։ Նրան իրո՞ք թվում է, թե ի՛նքն է հաղթել հային, և ճամարտակում է մտքին եկածը․․․ Հաղթող էիր՝ առանց ստոր դավաճանության հաղթեիր։
Ծաղր են իշխող խմբակցության պատգամավորները, որոնց իմաստակությունները նորմալ մարդուն մի ակնթարթ մտային փակուղի են մտցնում։
Ծաղր են ուղղաթիռներով աշխատանքի գնացող ու աշխատավայրից փախչող պաշտոնյանները։
Ծաղր են նախընտական կրքերը մի քաղաքական ուժի և անձի շուրջ, ում տեղը բանտն է։
Ծաղր է ամեն օրը, որը չի ավետում նիկոլազգիների վախճանը․․․
Իսկ ամենից մեծ ծաղրն այն է, որ մի տեսակ առօրեական դարձավ այս վիճակում ապրելը։ Նայում ենք, թե ոնց է Նիկոլը հետախուզում հասարակության տրամադրությունները՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու կամ չանցկացնելու համար; ոնց են ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դիրքավորվում «ոչ շիշը վառվի, ոչ խորովածը» սկզբունքով; ոնց են ընդդիմադիրները միանում ու բաժանվում; ոնց են մեծ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնում արժանն ու անարժանը․․․ Ամեն մեկը մտածում է իշխանություն դառնալու մասին, իսկ այդ ընթացքում գնալով նվազում են պետականության կորուստը կանխելու հնարավորությունները։ Մինչդեռ այսօրվա դրությամբ միակ հնարավորությունը Նիկոլից ու իր թիմից ազատվելն է։
Քանի դեռ նրանք են իշխանության, դեռ կտեսնենք, թե քարոզչական ինչ հեռահար հնարքներ են օգտագործում թուրք-ադրբեջանցիները; ոնց են խաղացնում ոչ բարով հայկական իշխանություններին մատների վրա; ոնց են շահարկում գերիների հարցը; ոնց են կոմունիկացիաների ապաշրջափակման կետն իրենց մենաշնորհը դարձրել; ոնց են ամրացնում իրենց ներկայությունը մեր սահմաններին; ոնց են մեր թուլացած բանակի ֆոնին պարծենում իրենց զինանոցով․․․ Կտեսնենք այս ամենը, քանի դեռ թույլ ենք տալիս մեզ ծաղրի առարկա լինել և՛ ներսի, և՛ դրսի թշնամու համար։
Իսկ ամենից մեծ զավեշտն այն է, որ վերոնշյալ ծաղրերն իրականացնող առնվազն ներքին գործիքները հենց իրենք են կյանքից ծաղրված «обиженник»ներ։ Տխուր է և անարդար։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
- Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին