Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
«Մինչև հիմա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հանրային լայն ընկալման մեջ բոլոր խոշոր ընկերությունների շահերն սպասարկող մարմին է և մենք չենք հիշում դեպք, որ ՀԾԿՀ սակագնի բարձրացման հայտ ուղարկվի և այն մերժվի»,-Աժ այսօրվա նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանը՝ հարց ուղղելով իշխող բլոկի կողմից ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրված Լևոն Բունիաթյանին:
Պատգամավորը նաև նկատեց, որ թեկնածուն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում և ուզում է, որ նա ամբիոնից հայտարարի, որ իր աշխատանքի ժամանակ շահերի բախում չի ունենալու:
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ նախորդ տարի խոշոր սպառողների համար բարձրացվել է գազի գինը. այս տարի էլ նախատեսվում է քաղաքացիների համար այն բարձրացնել և հետաքրքրվեց, թե Բունիաթյանն ինչպե՞ս է պատրաստվում հակազդել թանկացմանը:
«Ես Ձեր ելույթում չտեսա, որ ի դեմս Ձեզ ունենալու ենք հանձնաժողովում հանրային ներկայացուցիչ»,-պնդեց պատգամավորը:
Լևոն Բունիաթյանը նկատեց, որ ՀԷՑ-ում չի աշխատում 2016 թվականից և այդ հիմնարկում շատ բաներ են փոխվել:
ՀԾԿՀ անդամի թեկնածուն հայտնեց, որ գազի գնի վերաբերյալ տեղեկության չի տիրապետում, բայց խոստացավ խորաթափանց ուսումնասիրել գնի հնարավոր բարձրացման հայտը և հնարավորության դեպքում սահմանափակել գազի սակագնի բարձրացումը:
Թագուհի Թովմասյանը, նկատելով, որ թեկնածուն չի ուսումնասիրել հանձնաժողովի որոշումները և գործունեության վերաբերյալ կարծիքը կամ չունի, հայտարարեց, որ եթե նա գնալու է ու շարունակի այն գործելաոճը, որն մինչև հիմա կա, ապա պատգամավորների զգալի մասը դժվար թե իրեն վստահեն:
«Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով անցնող ջրի, հոսանքի և գազի վարձավճարների մասով, եթե չունեք այդ թանկացումները կանխելու պատկերացումներ, ապա ինչպե՞ս եք գնում այնտեղ կանխելու, հանրային շահ սպասարկելու»,- արձագանքեց պատգամավորը:
Լևոն Բունիաթյանը պնդեց, որ ունի պատկերցում այն անելու, ինչի մասին ներկայացրել է իր ելույթում:
«Այն կարող է ձեզ չբավարարել, բայց ավելացնելու բան չունեմ»,- ամփոփեց ՀԾԿՀ անդամի թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը
- Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում է, որ դա ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Էդմոն Մարուքյան
- Մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Աբովյան
- Օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա. Նաիրա Զոհրաբյան
- «Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը