Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում գրանցված Ս. Թադեոս վանքի հուշանամականիշի շնորհանդեսը
Ապրիլի 11-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի նամականիշների առաջին ցուցահանդեսի բացման արարողությունը և Ս. Թադեոս (Թադե) վանքի հուշանամականիշի շնորհանդեսը:
Հուշանամականիշը ներկայացնում է հայկական ճարտարապետական կոթողներից մեկը, որը կառուցվել է Սուրբ Թադեոս առաքյալի նահատակության վայրում: Այն Իրանի տարածքում գտնվող հայկական մշակույթի և հայ եկեղեցու կարևորագույն կառույցներից մեկն է, որ լավագույնս պահպանվում է ԻԻՀ իշխանությունների կողմից:
Ս. Թադեոս վանքը դեռևս 2008 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 2020 թ. տարեվերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»:
Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պետական այրեր, այդ թվում՝ ԻԻՀ Մեջլիսի իրանահայ պատգամավոր Արա Շահվերդյանը, ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ռամեզանալի Սոբհանիֆարը, Փոստի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Հասան Ամիդին, ԻԻՀ թանգարանների ազգային հանձնաժողովի նախագահ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային և այլք:
Ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը:
Իր ելույթում ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել ԻԻՀ իշխանություններին՝ հայ մշակութային և հոգևոր կառույցների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ նման իրադարձությունները երկու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների լավագույն ցուցիչ են և միաժամանակ, տարբեր ազգերի, մշակույթների և կրոնների միջև հանդուրժողականության և խաղաղ համակեցության ուղերձ՝ ուղղված նախևառաջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին:
Փոխնախարար Սոբհանիֆարը և թանգարանների ազգային հանձնաժողովի նախագահ Մոհիթ Թաբաթաբային իրենց ելույթներում խոսել են հայ-իրանական պատմական և մշակութային դարավոր կապերի և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին: Իրանցի գործիչներն անդրադարձել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների, կապի, հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների բնագավառում համագործակցության խորացման անհրաժեշտությանը: Ընդգծվել է իրանահայ համայնքի նշանակալի դերը երկրի կենսագործունեության բազմաթիվ, հատկապես՝ մշակույթի և արվեստի ոլորտներում:
Ապրիլի 11-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ Իրանի և Հայաստանի նամականիշների առաջին ցուցահանդեսի...
Posted by Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն on Monday, April 12, 2021
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան