Օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա. Նաիրա Զոհրաբյան
«Ես հասկանում եմ բարոյական այն նշագիծը, թե ինչու է վերցված մինչև սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկնարկը, բայց ես ստանում եմ հարյուրավոր նամակներ սփյուռքի մեր հայրենակիցներից, որոնք ցանկացել եին պատերազմի ընթացքում գալ Հայաստան՝ ռազմական գործողություններին մասնակցելու, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեն կարողացել»,- ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն իր խոսքում անդրադարձավ կառավարության կողմից հաստատած և ԱԺ ուղարկած օրինագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած քաղաքացիենրի հանդեպ:
Նա նկատեց, որ օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա:
Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ դեկտեմբերի 26-ի սահմանը պետք է վերանայվի, և եթե որոշվել է համաներում հայտարարել և գնալ բանակի բարեփոխումների՝ ապա ինքն առաջարկում է, որ համաներում հայտարարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ինչի վերաբերյալ գրավոր առաջարկություն է ներկայացնելու: