Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստի չի ներկայացել. Նա կոնտակտավոր է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Նիտին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց բացակայության պատճառների մասին։
Փաստաբանը հայտարարեց, որ բժշկի ցուցումով Ռոբերտ Քոչարյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ՝ ելնելով որոշակի ախտանիշներից։
«Նաև ասեմ, որ մերձավոր շրջապատում եղել է կորոնովիրուսի հաստատված դեպք։ Եթե դատարանին հետաքրքիր է, թե ով է հիվանդը, ես միջնորդելու եմ, որ նիստն անցկացվի դռնփակ, ես ասեմ, թե ով է։ Այս պահի դրությամբ պարոն Քոչարյանը կոնտակտավոր է, նա գտնում է, քանի դեռ չկա թեստի բացասական պատասխանը, չպետք է վտանգի որևէ մեկին, այդ թվում այստեղ»,-նշեց Ալումյանը։
Փաստաբանն ասաց, դատավարության կողմերին կարող է հանձնել այն տեղեկանքը, որտեղ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը թեստ է հանձնել բժշկական ցուցումով։
«Եթե այնուամենայնիվ դատարանն անհրաժեշտ գտնի պարոն Քոչարյանի ներկայությունը, ես կխնդրեմ կես ժամ ընդմիջում, պարոն Քոչարյանը կգա դատական նիստին»,-ասաց Ալումյանը՝ խնդրելով նման պարտականություն չդնի Ռոբերտ Քոչարյանի վրա։
Դատարանը ստացել էր նաև փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումը, որը հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել ու մեկուսացած է։ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կոնտակտ է ունեցել նաև Արամ Վարդևանյանի հետ։
Մեղադրող կողմը խնդրեց ծանոթանալ տեղեկանքին, որտեղ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը թեստավորվել է բժշկի ցուցումով։ Տեղեկանքը դատավարության կողմերին տրամադրելու համար հայտարարվեց ընդմիջում։
Ընդմիջման ավարտից հետո Ալումյանը նշեց, եթե Ռոբերտ Քոչարյանի մոտ թեստի պատասխանը դրական լինի, ապա կմիջնորդի, որ նիստը նշանակեն ոչ թե հաջորդ, այլ մյուս երեքշաբթի։ Եթե բացասական լինի պատասխանը, ապա անմիջապես կտեղեկացնեն դատարանին։
Նշենք, որ Դատալեքսում հրապարակված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Նույն եզրակացության համաձայն, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով: Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին