Կանադան Արցախում պատերազմի արդյունքում չեղարկել է Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները
Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին 2020թ. հոկտեմբերին՝ Արցախի դեմ կիրառման հետևանքով։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։
Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարը նշում է, որ այդ ժամանակից ի վեր մանրազննին ուսումնասիրվել է բոլոր կասեցված և վավեր արտահանման թույլտվությունները՝ բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք նախատեսված են եղել Թուրքիայի համար:
«Այս վերանայումից հետո, որը հայտնաբերեց հավաստի ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը։
Այս օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին»,-ասում է Կանադայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ Գարնոն խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը։