G7-ի արտգործնախարարները՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները (G7) և Եվրամիության Գերագույն ներկայացուցիչը հայտարարություն են տարածել Ուկրաինայի սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով, որ խորապես մտահոգված են Ուկրաինայի սահմաններին և ապօրինի բռնակցված Ղրիմում ռուսական ռազմական ուժերի շարունակական կուտակումներով:
«Զորքերի այս լայնամասշտաբ տեղաշարժերը, առանց նախնական ծանուցման, ներկայացնում են սպառնացող և ապակայունացնող գործողություններ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել սադրանքները և անհապաղ լիցքաթափել լարվածությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Մասնավորապես, մենք Ռուսաստանին կոչ ենք անում պահպանել ԵԱՀԿ սկզբունքներն ու պարտավորությունները, որոնք նա ստորագրել է ռազմական տեղաշարժերի թափանցիկության վերաբերյալ և արձագանքել Վիեննայի փաստաթղթի III գլխով սահմանված ընթացակարգին։
Վերհիշելով մարտի 18-ի մեր վերջին հայտարարությունը` մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք սատարում ենք Ուկրաինայի զսպված կեցվածքին»,-ասվում է հայտարարության մեջ։
Կողմերն ընդգծում են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի շարունակական աջակցությունը Նորմանդիայի գործընթացի միջոցով ջանքերին` ապահովելու Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչը միակ ճանապարհն է հակամարտության տևական քաղաքական լուծման համար: Բոլոր կողմերին կոչ են անում կառուցողականորեն ներգրավվել Եռակողմ շփման խմբում՝ հրադադարի ռեժիմը հաստատելու վերաբերյալ: