Մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Աբովյան
«Կարծում եմ՝ կարող ենք ավարտված համարել դիսկուրսը, թե արդյոք Թուրքիան և Ադրբեջանը թշնամի են, թե ոչ»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանում բացված պուրակին, որտեղ ներկայացված է հայերից զավթված ռազմավարը։
Նրա խոսքով, այո՛, և՛ Թուրքան և՛ Ադրբեջանը Հայաստանի համար թշնամի են՝ այն էլ վաղեմի և բարբարոս թշնամի։
«Այո՛, իրենց գաղափարախոսության հիմնասյունը ոչ թե Հայաստանի ու Արցախի քաղաքական մեկուսացումն է, այլ՝ հայ ժողովրդի ոչնչացումը։ Իրենք իրենց մեջ շատ լավ հասկանում են, որ այդպես են որոշել, որ քանի դեռ հայերը գոյություն ունեն տարածաշրջանում, ապա իրենց վերամիավորման պրոցեսը չի կարող իրականացվել։ Այո՛, Թուրքիան ու Ադրբեջանը մեր թշնամին են, և դրա մասին պետք է ասել պարզ ու հստակ։ Այո՛, իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ։ Եվ որքան էլ մենք փորձենք ավելի մեղմ վերաբերել այդ ամենին, դա ընդամենը իրենց հույս կտա»,- նկատեց պատգամավորը։
Ըստ Արման Աբովյանի, թուրքերը բնազդ ունեն, թե հայերը թույլ են. «Այո՛, իրենք հասկանում են միայն ու միայն կոշտ ուժի լեզուն»։
Պատգամավորը հորդորեց նաև չմոռանալ, որ Ռուսաստանն է օգնել դադարեցնել պատերազմը, օգնել է իրականացնել գերիների վերդարձը. «Եվ այո՛, մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա. Նաիրա Զոհրաբյան
- «Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը