Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա, նա այսօր մի գերխնդիր ունի՝ ամեն գնով մնալ իշխանության»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոշտ արտահայտության համար հայցելով ռազմագերիների ծնողների ներողամտությունը:
Նրա խոսքով՝ այսօր իշխանության ներկայացուցիչներից ով ինչ ուզում՝ ասում է, այն դեպքում, երբ միշտ հայտարարում էին, որ գերիների հարցը նուրբ հարց է և պետք է ուշադիր լինել:
Պետրոսյանը գերիների վերադարձի տապալված վերջին դեպքի օրինակով հիմնավորեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ 50 գերի են վերադառնալու, իսկ վերադարձը ձախողելուց հետո մյուս ներկայացուցիչը հայտնել էր, որ իրենք ոչ թե հավաստիացրել են, այլ հույս են հայտնել:
«Այ տղա՛, դա հույս հայտնելու թեմա՞ է, դրանից հետևում է, որ այսօր ով ինչ հույս ունենա, կարող է հայտնի գերիների հարցով»,- նկատեց պատգամավորը և առաջարկեց հասկանալ ծնողի հոգեվիճակը, երբ նրան ասում են՝ քո գերուն բերում են, արի դիմավորի, և ժամերով սպասելուց հետո թռիչքուղուց մեկը դուրս է գալիս ու ասում, որ ինքնաթիռը դատարկ է եկել:
Գևորգ Պետրոսյանը անհարգալից վերաբերմունք համարեց նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ գերիների վերադարձը տապալելու մասին հարցի պատասխանից խուսափելը:
«Աղջի՛կ ջան, քեզ չեն հարցնում՝ գեղեցկուհի դու քանի տարեկան ես, որ թողել փախնում ես դեպի ծառայողական մեքենան, քեզ ասում են մեկնաբանի, որ ասել ես 50 ռազմագերի է վերադարձվելու՝ ո՞ւր են նրանք»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով Երևանում թուրքի հանդիպելու հավանականության մասին զինծառայողի ծնողին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ վերջինս ավանտյուրիստ է և սիրում է սկզբից գաղափարը կաթացնել մարդկանց ուղեղների վրա, հետո այն տեղի է ունենում:
Տեղեկացնելով, որ Փաշինյանը մի ծնողի էլ հորդորել էր, որ գնա իր երեխային դիահերձարանում ման գա՝ պատգամավորը հռետորական հարց բարձրացրեց, թե արդյոք այն գերագույն հրամանատարի ասելու խոսք է:
«Քեզ ռեալ բան են ասում, ասում են՝ դու հող ես հանձնում, հայրենիք ես հանձնում, դե հել, Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ եմ ասում, տղամարդավարի ասա՝ ժողովուրդ ջան ես տղամարդավարի խոստանում եմ, որ Սյունիքը չեմ հանձնելու»,- կոչ արեց Պետրոսյանը և հավաստիացրեց, որ նման բան չի անի, քանի որ կասկածում է Սյունիքը հանձնել-չհանձնելու հարցում:
Պատգամավորը շեշտեց, որ չի խոսում տարածքները հանձնելու կոնկրետ ծրագրի մասին, քանի որ առաջնորդվում է անմեղության կանխավարկածով:
Պատերազմի ծրագրավորված սցենարի թեմայի շրջանակներում նա հարցրեց, թե ուր է այն հրամանատարը, որի նկատմամբ օրինական քրեական հետապնդում է իրականացվում պատերազմը տանուլ տալու համար:
Արձանագրելով, որ չկա նման գործ՝ Պետրոսյանը հայտարարեց. «Բոլոր հրամանատարները և դու էլ որպես շինծու կեղծ հրամանատար մաքուր էի՞ք և միան խեղճ զինվորն էր մեղավոր, որ գնաց զոհվեց»:
Նա տեղեկացրեց, որ իր կռվող ընկերներն ասել են՝ պարտության շատ պատճառներ են եղել, բայց ամենագլխավոը եղել է ոչ ճիշտ հրամանատարական աշխատանքը և պնդեց, որ բոլոր մեղքերը՝ թե՛ երկնային, թե՛ երկրային, Նիկոլ Փաշինյանի և հրամանատարների վրա է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան