Դիլիջանի միջազգային դպրոցի՝ 400-450 մլն դոլարի ներդրումը լիակատար իրականացվե՞լ է. Մելքումյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով, գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ:
«Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է»,- ասաց փոխնախարարը։
Անդրադառնալով բերված նախագծին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ երբ նոր պետք է կառուցվեր դպրոցը, 400-450 մլն դոլարի նախագիծ էր դա, որին ԱԺ-ն տվել է հարկային արտոնություններ։
«Նախ կուզենայի, որ ասեիք՝ այդ ներդրումային ծրագիրը լիակատար իրականացվե՞լ է, թե՞՝ ոչ։ Եվ երկրորդ, ես հիշեցի, երբ համայնքների խոշորացման առաջին 3 տարբերակները եկան, մեկը հենց Դիլիջանն էր՝ հարակից գյուղերով։ Ընդ որում, Դիլիջանի խոշորացման հետ կապված կար ծրագիր, որ այնտեղ պետք է նոր քաղաք ստեղծվեր, նոր միջավայր, որտեղ անգամ խոշոր եղջերավոր անասունների համար կային սահմանափակումներ, թե որտեղով պետք է անցնեն, որտեղով չանցնեն։ Այսինքն՝ նոր միջավայր պետք է կառուցվեր։ Դուք տիրապետո՞ւմ եք այդ ինֆորմացիային»,- հարց հնչեցրեց պատգամավորը։