Հնարք է գտել ՍԴ լեգիտիմ և ոչ լեգիտիմ կազմին առանձնացնելու և ներկայացնելու համար․ Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի կայքը պաշտոնական տեղեկատվություն է տալիս դատարանի լեգիտիմ և ոչ լեգիտիմ դատավորների մասին։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը, որը օրենքով հանդիսանում է դատարանի որոշումների և եզրակացությունների հրապարակման աղբյուր, հստակ կերպով տարանջատված ներկայացնում է Սահմանադրական դատարանի լեգիտիմ և ոչ լեգիտիմ դատավորներին։
Կայքի «ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ» էջում, որտեղ դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը ներկայացված են քաղաքացիական, իսկ մյուս դատավորները՝ ՍԴ դատավորների համար նախատեսված հատուկ համազգեստով (այդ համազգեստի նկարագրությունը տրված է ՍԴ աշխատակարգի առանձին հավելվածով)։
Այդ չորս դատավորներից 3-ը՝ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը, ՍԴ դատավորներ են ընտրվել 2020 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո, այսինքն, ակնհայտ կերպով ոչ լեգիտիմ են, իսկ Վահե Գրիգորյանի ոչ լեգիտիմ լինելն այնքան պարզ է ու հանրահայտ, որ դրա մասին անգամ իրեն կարող է հասկանալի լինել։
ՍԴ դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանի պարագայում էլ ՍԴ պաշտոնական կայքը պարունակում է մեկ այլ շատ կարևոր փաստագրում։ Արման Դիլանյանը կայքում ներկայացվում է ոչ ՍԴ նախագահի, այլ ՍԴ դատավորի հատուկ համազգեստով։ Դրա փոխարեն Հրայր Թովմասյանը ՍԴ պաշտոնական կայքի միջոցով ներկայացվում է ՍԴ նախագահի պաշտոնական հատուկ համազգեստով։ Այսինքն, Սահմանադրական դատարանի աշխատակազմը շատ հետաքրքիր և քողարկված կերպով, պաշտոնապես, հմտորեն հնարք է գտել ՍԴ լեգիտիմ և ոչ լեգիտիմ կազմին առանձնացնելու և ներկայացնելու համար»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի