Մարինա Կալյուրանդ․ Այժմ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալն է
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ նախօրեի երեկոյան տեղի կունենա վիրտուալ կոնֆերանս՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցեցին Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։ Բանախոսները միակարծիք էին, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ գերիներին։
Մարինա Կալյուրանդն իր խոսքում Ադրբեջանին կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նշեց, որ ԵՄ-ն հանդես է եկել հայտարարություններով, ընդգծելով, որ դրանք արտահայտում են քաղաքական կամքը և ընդունելով, որ ԵՄ-ն չի կատարել այն դերը, որով կկարողանար կանխարգելել այս իրավիճակը:
«Ադրբեջանի պատվիրակությունների հետ բոլոր հանդիպումներում ես բարձրացնում եմ ձերբակալված անձանց, կրոնական, մշակութային կոթողների հարցը»,-ասաց Կալյուրանդը։
Խոսելով Մինսկի խմբի մասին, Կալյուրանդը նշեց, որ այստեղ մեծ դերակատարում պետք է ունենա ԱՄՆ-ը։
«Ընտրություններից հետո, ես հույս ունեմ, որ նրանք ավելի ակտիվ կլինեն դիրքորոշում կորդեգրեն։ Բայց կարևորը կողմերին բանակցային սեղանին նստեցնելն է։ Ցավոք, ես չեմ տեսնում այս առումով հետաքրքրվածություն Ադրբեջանի կողմից այսօր՝ գալ, նստել սեղանի շուրջ ու սկսել բանակցել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ։ Ես բազում անգամներ սա ասել եմ Ադրբեջանին»,-ասաց Կալյուրանդը։
Կալյուրանդը կարևորեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ այնպես, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը՝ կրոնական, մշակութային հուշարձանների պահպանման համար, մարդու իրավունքների կազմակերպությունների այցերը։
«Կարծում եմ դա շատ կարևոր է։ Մենք կարիք ունենք մարդկանց, Եվրոպական խորհրդարանից, հատուկ ներկայացուցիչը, որ գնա տարածաշրջան, խոսի այնտեղ մարդկանց հետ ու ստանա ճիշտ տպավորությունը տեղում»,-ասաց Կալյուրանդը, հավելելով, որ ներկայումս Եվրոպական խորհրդարանը չի թույլատրում ուղևորությունները կովիդի պայմաններում ու հույս հայտնեց, որ իրավիճակը կփոխվի աշնանը և հնարավորություն կլինի այցելել Լեռնային Ղարաբաղ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ այժմ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին վերադառնալն է։
Հայ ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջան պատգամավորների խումբ ուղերկելու հետ կապված Լուկաս Ֆուրլասը նշեց, որ այս պանդեմիայի պայմաններում դժվար հնարավոր լինի այն։
Հեղինե Էվինյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում լռությունը կամ անգործությունը ծայրաստիճան ցավոտ գին ունեն, ինչը ոչ այլ ինչ է, քան մարդկային կյանքն ու մարդկային արժանապատվությունը:
«Դրանք և՛ անխախտ արժեքներ են, և՛ հիմնարար հիմնասյուներ, որոնց վրա կառուցված է Եվրոպական միությունն ու արևմտյան հասարակությունը: Եվրոպան կարող է և պետք է անի ավելին՝ նաև իր սեփական վստահելիության, ուժի և կենսունակության համար: Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը՝ որպես սուբյեկտ, վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և ռազմագերիներին»,-ասաց Հեղինե Էվինյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց, որ գերիների հարցը շատ մեծ կարևորություն ունի նաև Հայաստանում խաղաղության հաստատման տեսանկյունից:
«Ադրբեջանը չի հայտնում ռազմագերիների հստակ թիվը, տարածքային պահանջներ է ներկայացնում՝ առանց ռազմագերիների անհապաղ ազատման պայմանը կատարելու: Ադրբեջանի նախագահը 2020 թվականի վերջին հայ ռազմագերիներին, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, որակում է ահաբեկիչներ, ինչը մանիպուլյացիա է։
«Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասաց Թաթոյանը:
Թաթոյանը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն առավել ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան