Առաջարկվում է սոցիալական երաշխիքներ նախատեսել մարտական գործողություններին ընդգրկված պաշտոնյաների համար
Խորհրդարանում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ Հարկային ծառայությունում քննիչների հավելավճարները տրվեն ոչ թե կոչման համար, այլ դասային աստիճանի համար։
«Այս համապատասխանեցումը կապված է նրա հետ, որ Հարկային ծառայության մասին օրենքում և Հանրային ծառայության մասին օրենքում այդ փոփոխությունը կատարվել էր, և հիմա կար տեխնիկական խնդիր»,- ասաց նա։
Մյուս փոփոխություններով առաջարկվում է որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական կամ զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ ընդգրկված պետական պաշտոն/պետական ծառայության պաշտոն ունեցող անձանց համար։
«Այդ փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է, որ որպես կամավորական մարտական գործողություններին ընդգրկված պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունն այդ ժամանակահատվածում պահպանվի»,- ներկայացրեց նա։
Մյուս երաշխիքը, որը նույնպես նախատեսվում է այս փոփոխություններով, ըստ Վաչե Քալաշյանի, ենթադրում է, որ որպես կամավորական մարտական գործողություններում ընդգրկված մարդկանց այդ ժամանակահատվածը ներառվի պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում։
«Եվ երրորդ սոցիալական երաշխիքը, որ առաջարկվում է այս անձանց համար, ենթադրում է, որ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն զբաղեցնող անձանց այդ ժամանակահատվածում բացասական կիսամյակային կատարողականի գնահատման արդյունքների հետևանքով չկիրառել նախատեսված սանկցիաները՝ աշխատավարձի իջեցում, կամ բարձրացման կասեցում»,- նշեց նա։
Հիմնական զեկուցողը տեղեկացրեց նաև, որ նշված կարգավորումները վերաբերելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են