Պատրաստ ենք օրենքի շրջանակներում քաղաքացիական անհնազանդությունների ճանապարհով գնալ. Տավուշցի գործարարներ
«Եթե համապատասխան արձագանք չլինի, ապա պատրաստ ենք օրենքի շրջանակներում քաղաքացիական անհնազանդությունների ճանապարհով գնալ»,- Տավուշի մարզի գործարարների կոչը ԱԺ ամբիոնից հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվողների մասնակցությամբ քննարկմանն է ներկա եղել, և հանդիպմանը մասնակիցները պատգամավորին են փոխանցել իրենց բաց նամակը:
Պատգամավորն ընթերցեց նամակը, որում ասվում էր.
«Նոյեմբերյանի տարածաշրջանի ներքոստորագրյալ գործարարներս, ֆերմերներս և քաղաքացիներս դիմում ենք հետևյալ խնդրով։ Լինելով սահմանամերձ շրջանի բնակիչներ՝ մեզ վրա ենք վերցրել տարածաշրջանի զարգացման պատասխանատվությունը և արտաքին ներդրումների բացակայության պայմաններում՝ հիմնականում վարկային միջոցներով ներդրումներ ենք կատարել այս չափազանց ռիսկային գոտում՝ փորձելով սահմանում ինչ-որ չափով լուծել գործազրկության խնդիրը:
Մինչ կորոնավիրուսի բռնկումը՝ պարտաճանաչորեն կատարել ենք մեր պարտավորությունները, սակայն համաճարակային սահմանափակումների արդյունքում ոչ միայն չենք կարողացել կատարել մեր վարկային և հարկային պարտավորությունները, այլև շատ բիզնեսներ կանգնած են փակման վտանգի առաջ, մյուս կողմից էլ խնդիրներ ենք առաջացրել մեզ երաշխավորած պարտաճանաչ վարկառուների համար։
Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե դա ինչ հետևանքներ կունենա սահմանամերձ համայնքների համար՝ գործազրկություն, արտագաղթ, դատարկվող գյուղեր ու համայնքներ, անպաշտպան սահմաններ»։
Նամակի հեղինակները տեղեկացրել են, որ բազմիցս դիմել են ֆինանսական կառույցներին ու պատասխանատու մարմիններին՝ ծանրացած վարկային բեռը թեթևացնելու առաջարկներով, սակայն ապարդյուն։
Նամակագիրներն առաջարկել են սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների վարկային պատմությունները և դասակարգումը համապատասխանեցնել մինչև արտակարգ դրության հայտարարման կարգավիճակին, չեղարկել այդ ընթացքում կիրառված տույժերն ու տուգանքները, իրականացնել վարկերի վերակառուցումներ՝ վերանայելով դրանց ժամկետներն ու տոկոսները:
Ըստ գործարարների՝ սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով ֆինանսական ոլորտում պետք է հայտարարվի արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերի մարումները կատարել ազատ գրաֆիկով, դադարեցնել ԴԱՀԿ և դատարանների վարույթում գտնվող վարկային գործերը։
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից երեք շիրիմի վրա էր լաց լինում. Սրբուհի Գրիգորյան
- Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան
- Արդարացի լուծում չտալու դեպքում՝ պատասխանատու չենք մեր քայլերի համար.Սոֆիա Հովսեփյանը փոխանցեց ծնողների ուղերձը
- Գիրք չկարդացող ու գիտելիքն արհամարհող մարդկանց իշխանություն տալը չարիք է. Տարոն Սիմոնյան
- Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
- Մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ. Թագուհի Թովմասյան