Գիրք չկարդացող ու գիտելիքն արհամարհող մարդկանց իշխանություն տալը չարիք է. Տարոն Սիմոնյան
«Քանի որ ազգովի դարձել ենք դատավոր, դատախազ, սահմանադրագետ, իրավաբանության ռահվիրա, ես այսօր կխոսեմ ամենամեծ հանցագործություններից մեկի մասին»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նա նշեց՝ կա ավելի մեծ հանցագործություն, քան գիրք այրելն է, դա գիրք չկարդալն է։ Ըստ պատգամավորի, այդ հանցագործության համար մարդիկ հատուցում են իրենց կյանքով, իսկ եթե հանցագործությունը կատարում է ազգը, ապա նա հատուցում է իր պատմությամբ։
«Այնուամենայնիվ, գիրք չկարդալուց ավելի մեծ հանցագործություն էլ կա՝ գիրք չկարդացող ու գիտելիքն արհամարհող մարդկանց իշխանություն տալը։ Այս հանցագործության համար մարդ հատուցում է իր սերունդներին դժբախտացնելով։ Իսկ եթե այս հանցագործությունը կատարում է ազգը, ապա նա հատուցում է սեփական արժանապատվությամբ»,- նկատեց նա։
Տարոն Սիմոնյանը շեշտեց՝ քաղաքական չարիքը ասպարեզ չի գալիս սատանայի հագուստով, նա գալիս է բազմահազար ծափողջույններով ու սիրո մեծ պոռթկումներով. Մարդկության պատմությունն է այդպես ցույց տալիս։
«Կեղծ ազնվությամբ գալով քաղաքական ասպարեզ՝ բարձր գոռացողները խաբում են մարդկանց, և արհեստական բախում հրահրում ազնվության ու գիտելիքի միջև, մինչդեռ մոռանում ենք, որ չկա ազնվություն առանց գիտելիք, չկա առաքելություն առանց գիտելիք։ Իսկ քաղաքական չարիքները հեշտ են բարձրանում քաղաքական աստիճանավանդակով, քանի որ չունեն բարոյականություն ու սկզբունքայնություն։ Եվ այդ դատարկությունը լրացնում են ազգի արժանապատվության հաշվին՝ սերունդներին դժբախտացնելով...։ Տգիտությանն իշխանություն տալը մեծագույն չարիք է»,- ասաց նա։