Դուք 3 տարի տունտունիկ եք խաղացել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
«Ասում եք՝ նախկինները ոչինչ չէին արել, բանակցությունները փակուղի էին մտել, դուք ի՞նչ եք արել, որ բանակցությունները չմտնեն փակուղի, որ չկանգնենք պատերազմի առաջ»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը կարևոր հարցերին պատասխանելու փոխարեն, ինչպես միշտ իր մանիպուլյատիվ և հռետորական ոճի մեջ է. «Ընդ որում, թույլ տվեցիք, որ Ձեր անձը այստեղ ևս մեկ անգամ շոյեն, ինչը ոչ հարգալից վերաբերմունք է 2020-ին ընկած մեր 3300 և ավելի զոհերի նկատմամբ»։
Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նախապատերազմյան վիճակով է ժառանգել երկիրը. «Փաստորեն ինչ է ստացվում, դուք բանակցությունները սկսել եք 0-ական կետից, գիտեիք, որ նախապատերազմյան վիճակում է երկիրը, բայց Ձեր վարքագիծը, իշխանական խմբակցության վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավար ուժի վարքագծին»։
ԼՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը 3 տարի շարունակ հանդես է եկել «պոպուլիստական» հայտարարություններով, սակայն որևէ հիմնարար բարեփոխում չի եղել, և 3 տարի պատերազմի շեմին գտնվելով, իշխանությունները չգիտես ինչով են զբաղվել։
«Դուք նախկինների հետ եք թուր ու թվանք տվել, տունտունիկ խաղացել»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն՝ հարցական է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում. «Ուստի սա ելույթ էր, և հարկ չեմ համարում պատասխանել»։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանը նշեց, որ Փաշինյանը նպատակադրված չէ ընդդիմադիրների որևէ հարցի պատասխանելու։
«Բայց հարցս հետևյալն է՝ ի՞նչ եք արել դուք։ Փաստորեն խաղաղասիրություն եք քարոզել, բթացրել եք մեր զգոնությունը, բայց մենք պատերազմի առջև էինք։ Խոսում եք հետախուզական արբանյակներից, Ձեզ տեղյակ են պահել, որ դրանք մեզ անհրաժեշտ են։ Բայց դուք Ադրբեջանի արբանյակն էլ եք համարել արհեստական։ Եվ ձեր ԲՏԱ նախարարն էլ հայտարարել է, որ մեզ նման բան պետք չէ։ Եվ այսօր խոսում եք Հայաստանի ապագայից, որի վրա դուք մի մեծ գերեզմանաքար եք դրել»,- ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի բարձրաձայնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ԲՏԱ նախարարությունը զբաղվել է Հայաստանի՝ արբանյակ ունենալու հարցով։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին. Գորգիսյանը՝ Փաշինյանին
- Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին