Խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները հայտնվել են ԱԺ-ում նույն կերպ, ինչպես ես. Գևորգյան
«Խորհրդարան գալուց առաջ եղել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնականը, ԱԺ-ում հայտնվել եմ «Իմ քայլի» ընտրացուցակով, բայց ուզում եմ հիշեցնել, որ առաջին ընտրատարածքում ներկայացված են եղել պատգամավորի մի շարք թեկնածուներ, և այդտեղ իմ հավաքած ձայների քանակով հաղթել եմ այնպիսի մարդկանց, որոնք եղել են թիմի հնաբնակները»,- այսօր խորհևդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով այսօր իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին։
Նրա խոսքով, իր համար անընդունելի է, որ նման պայմաններում հոտնկայս ծափահարում են, և ինքն ընդամենը արտահայտել էր իր կարծիքը, բայց որևէ գնահատական չի տվել։
«Խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները հայտնվել են ԱԺ-ում նույն կերպ, ինչպես ես։ Այնպես որ, այստեղ յուրաքանչյուրը թող պատասխան տա իր սեփական՝ այստեղ հայտնվելու հետագծին։ Ես որևէ բան թաքցնելու չունեմ։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման ձև ունեցող ժովովրդավար երկրում, որտեղ կա հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք. և այս դեպքում մի՞թե իմ՝ խմբակցությունից դուրս գալը ամենամեծ բեռն ու ծանրագույն ողբերգությունն է, որի շուրջ այսքան քննարկումներ են ծավալվում»,- ասաց նա։
Գոռ Գևորգյանն իր բոլոր գործընկերներին խորհուրդ տվեց մնալ բարեվարքության սահմաններում։
Ինչ վերաբերում է փաստին, որ Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց իր հարցը, ապա Գոռ Գևորգյանն ասաց, որ վերջին շրջանում այնքան հարցեր են մնացել անպատասխան, որ այդ փաստն այլևս իրեն չի զարմացնում։