«Ժողովուրդ». Ադրբեջանը հպարտանում է պատերազմով և դա չի ընդունում որպես ողբերգություն. Միլոնով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիևյան «պուրակն» էր, և պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիևի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ և Արցախի ԱԳՆ-ները: «Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը:
Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաև Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում:
«Ադրբեջանը հպարտանում է պատերազմով և դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջև: Պարոն Ալիևը փորձում է հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիևն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, և ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»:
Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային և Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»:
Հավելենք, որ նախօրեին այս և առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան