Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի 7 տարածքի վերադարձ. Փաշինյան
«Շատ է շահարկվել այն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈւ գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի»,- այսօր ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության 2020 թվկանի ծրագրի կատարողականը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ կապակցությամբ հրավիրել է ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր:
«Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի: Ավելին, ԱԽ այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը:
Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում»,- ներկայացրեց Փաշինյանը։
Նրա խոսքով, դրանից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ ուզում ենք հրադադար՝ տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։
«Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձի հարց է եղել Լեռնային Ղարաբաղ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ:
Որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդը՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, որևէ ձևով չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Եվ նաև ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերն ասել են՝ մարդ բերեք, փող կտանք, ու կարծում եմ՝ դրա համար են երեխեքին տարել Հադրութ. զոհվածի հայր
- Զինծառայողների մարմինների որոնողափրկարարական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութում
- Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան