Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
«Խնդրում եմ հստակ պատասխանել՝ արդյո՞ք եղել է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն՝ ապրիլի 8-ին հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան
Նա հիշեցրեց, որ ապրիլի 8-ին սպասվում էր, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներն։ Վարչապետի մամուլի խոսնակը հաստատել էր, որ պետք է գերիների հայրենադարձում լինի..., բայց օդանավը դատարկ եկավ։
«Հաջորդ օրը իմքայլական Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածություն, սակայն խախտվել է, իսկ Ալեն Սիմոնյանն ասում է, թե գերիների մասին պայմանավորվածություն չի եղել, հույս է եղել»,- ներկայացրեց նա։
Պատգամավորի հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, և այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն րոպե, ամեն պահի։ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց հայտարարության մեջ նշել են գերիների և պահվող այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը...։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը գերիների հարցը դարձնում է քաղաքական շահարկումների առարկա»,- նշեց նա։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ իր հարցն այլ բանի մասին էր. «Երևան է իջել կոնկրետ օդանավ, իսկ Ձեր գործընկերները հակասական պատասխաններ են տվել։ Ո՞վ է պատասխանատու դրա համար»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենի համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է պարտավորություններ, և չի կատարում դրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան