Ադրբեջանը բացել է ցեղասպանությունը տոնող «ռազմավարի այգի»․ Persecution
Վաշինգտոնում գործող «International Christian Concern» (Միջազգային քրիստոնեական մտահոգություն) կազմակերպությունն անդրադարձել է Բաքվում ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «ռազմավարի այգու» բացմանը, որը, ինչպես ասվում է կայքում, «նվիրված է Լեռնային Ղարաբաղում երկրի ցեղասպան ռազմական նվաճմանը»։
«Բացումը կատարվել է Ռամադանի սկզբին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղը հիմնականում հայ-քրիստոնեական երկիր է: Պատերազմի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ հանցագործություններ քրիստոնյաների և քրիստոնեական ժառանգության օբյեկտների նկատմամբ: Այս հանցագործություններին բավականին հաճախ մասնակցում էին «Գորշ գայլերը»՝ թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ «ռազմավարի այգում» ցուցադրվում են պատերազմի ընթացքում որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկա… շուրջ 300 ցուցանմուշներ, այդ թվում ՝ 150 ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանի, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր, ռազմական տրանսպորտ: Ցուցադրություն այգում է նաև «Ղարաբաղն Ադրբեջանն է» գրությունը և ավելի քան 2000 մեքենայի համարանիշներից պատրաստված կոմպոզիցիան: Համարանիշներն ավելի վաղ ցուցադրվել էին դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթի ժամանակ»,-ասվում է հոդվածում:
«Այս տեսակի այգու բացումը աներևակայելիորեն նողկալի է: Եկեք պարզ լինենք. սա պատերազմի թանգարան չէ: Մի բան է՝ հարգալից կերպով փաստաթղթավորել պատերազմի սարսափները` ցույց տալու, թե ինչու նման ողբերգությունը չպետք է կրկնվեն: Պատերազմի թանգարանի նպատակը խաղաղության և հաշտեցման խթանումն է` ճանաչելով պատմությունը, ներառյալ հաղթողի կողմից կատարված ցանկացած հանցագործությունը: Այլ բան է, որ ամբողջովին ստեղծվի ռազմական հաղթանակի ռազմավարի այգի և այդպիսի ստորացուցիչ ձևով ցուցադրի պարտվող կողմին: Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կեցվածքը Թուրքիայի կողմից խրախուսվող կեցվածք է: Դա բռնության և ցեղասպանության կեցվածք է էթնիկ քրիստոնյաների նկատմամբ: Միջազգային հանրությունը չպետք է լռի, նման գործողությունները հիմքն են, որից բխում են մարդու իրավունքների այլ խախտումներ»,-ասել է Միջին Արևելքի ICC-ի տարածաշրջանային ղեկավար Քլեր Էվանսը։
Նշվում է, որ պետական լրատվամիջոցների լուսանկարները ցույց են տալիս այս իրադարձության և այգու մի քանի մտահոգիչ բաղադրիչներ: Այգու բացման ժամանակ Ալիևը կրում է իր մարտական համազգեստը՝ շեշտելով հայ համայնքի նկատմամբ պատերազմի և նվաճումների շարունակական կեցվածքը: Այլ տագնապալի տարրերից են հակամարտության ընթացքում զոհված հայերի սաղավարտների ցուցադրումը, ինչպես նաև զինծառայողների մուլտիպլիկացիոն մանեկենները, որոնք ամրապնդում են հայ քրիստոնյաների նվաստացուցիչ կարծրատիպերը: Բացի այդ, այս մանեկեններից շատերը ցույց են տալիս, որ այս զինծառայողները կամ մահացած են, կամ մահանում են:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայտարարված ռազմական հաղթանակը նաև Թուրքիայի հաղթանակն է, որն աջակցություն է ցուցաբերել զենքի տրամադրման, ուսուցման և սիրիացի վարձկանների միջոցով: Թուրքիայի կառավարությունը հիշել է նաև նրանց դերը` հրապարակելով զեկույց, որը փորձում է վարկաբեկել զոհերին, վերաշարադրել կատարվածի պատմությունը և լռեցնել այլախոհներին: Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկա էր նաև անցած դեկտեմբերին Բաքվում անցկացված շքերթին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ պատգամավորը հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով՝ Բաքվում «ռազմավարի այգու» հետ կապված
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Թվիթերի օգտատերերը` Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» ու Ալիևի նկարների մասին
- Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները