Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին. Գորգիսյանը՝ Փաշինյանին
«Ձեր ելույթում բոլորը մեղավոր են՝ նախկիններ, Մինսկի խումբ, հանրություն, գեներալներ։ Դուք Ձեր մեղքի բաժինն ընդհանրապես չե՞ք տեսնում»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս և՛ ԱԺ ամբիոնից, և՛ տարբեր առիթներով հայտարարում էր, որ ինքն է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը։
«Իսկ հիմա, փաստորեն, գեներալներն էին որոշողը. դուք մոդերատո՞ր էիք, թե՞՝ գերագույն գլխավոր հրամանատար»,- ասաց նա։
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի առաջին օրից ինքը հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն։
«Հինգ ամիս շարունակ ես ասում եմ, որ ես եմ պատասխանատուն, և այո՛, ունեմ մեղավորության իմ բաժինը՝ ամենամեծ բաժինը։ Ես ասում եմ՝ պարտությունը իմն է։ Բայց դա չի նշանակում, որ ոմանք պիտի առիթավորվեն։ Թե չէ բանի նման, ասեք՝ հազիվ սկսել է իր վրա վերցնել, եկեք ինչ կա, լցնենք իր վրա, թող տանի։ Ինչ վերաբերում է՝ մոդերացիային, ես ուզում եմ ընդգծել, այո՛ հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքները։ Ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկվար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,- ասաց նա։
Արձագանքելով, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Փաշինյանի պահվածքից ու հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ ինքն իրեն որևէ կերպ մեղավոր է զգում։
«Դուք անընդհատ փորձում եք արդարանալ, և այդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում ՀՀ-ին։ Եվ դուք անընդհատ ինչ-որ բաներ եք ասում, որոնք իրար հակասում են ու Ձեր տված բոլոր խոստումները սկսում եք հերթով դրժել։ Դուք ՀՀԿ-ին ասում էիք, թե մի բան ասում է, այլ բան անում, բայց դուք էլ եք այդպես անում։ Ասացիք կապիտուլյացիա չի ստորագրվի, ստորագրեցիք, ասացիք մի գիշերվա ընթացքում չի որոշվի Արցախի հարցը, բայց հենց այդ ձևով եղավ։ Այն ամենն, ինչ դուք ասել էիք՝ չի լինելու, եղել է, պարո՛ն Փաշինյան։ Դուք այսօր Ձեզ շարունակում եք պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես 2018-ին»,- նկատեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Թեև հնչած հարցը բավականին ծավալուն էր և ակնկալում էր բովանդակային պատասխան, սակայն Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մեկ տողով.
«2017 թվականից ես եկել եմ համոզման, որ Ձեզ հետ վիճելն անիմաստ է»։
Հարակից հրապարակումներ`
- Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
- «Այդպես էր պետք». Իմքայլական պատգամավորը՝ Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին
- Պետք է հասկանալ, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան