«Ժողովուրդ». Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրությունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հանդիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել և ինչ նպատակներ ունի: Նա խոստանում է կատարել բոլորի նպատակները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների և մնալ «Իմ քայլը» խմբակցությունում։
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն: Մենք տեղեկացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որևէ կեղծիքի նորից ընտրվելու են ու իշխանության գան:
Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին և նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում