Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ, դուք որպես վարչապետ, գոնե պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանն՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթի ավարտին իմքայլական պատգամավորների ծափահարություններին:
Հիշեցնելով, որ հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, թե Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացման համատեքստում ինչ հնարավորություններ է ունեցել պատերազմին դիմակայելու համար՝ պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իր մոտ նման ձևակերպում չի արվել, կամ արվել է այնպես, որ ինքը հասկացել է, որ ամբողջությամբ պատրաստ ենք պատերազմին:
Գոռ Գևորգյանը նաև հիշեցրեց, որ նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոկտեմբրի 19-20-ի դրությամբ առաջարկություն է արել դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշին և Արցախի նկատմամբ վերահսկողությունը և հայկական կողմն այն մերժել է, իսկ ՌԴ նախագահն էլ հայտնել էր, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու մերժվեց առաջարկը:
«Հետևաբար, որպես ՀՀ վարչապետ և զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, ե՞րբ հասկացաք, որ մեր բանակն այլևս ի վիճակի չէր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ պայքարը շարունակելու»,- Փաշինյանին հարցրեց Գոռ Գևորգյանը:
«Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հասկանալ, թե պատերազմը վարելու մասով ինչ թերություններ է եղել. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
- Փաշինյանի «հուզիչ ճառին» հաջորդեցին իմքայլականների հոտնկայս ծափերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան