Պարադոքս. Թուրքիայից ներմուծումը նվազել է, իսկ թուրքական ապրանքների վաճառքը՝ ոչ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրությունն է հրավիրում Հայաստանում թուրքական ապրանքների վաճառքի ծավալներին.
«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից սանձազերված վերջին արցախյան պատերազմը հայ ժողովրդին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ չպետք է թուլացնել զգոնությունը։ Անշուշտ, ռազմական անվտանգության հետ մեկտեղ հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև տնտեսական անվտանգության բարձրացման ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները չեն իրականացնելու այդ որոշումը, քանի որ իշխող ուժը Հայաստանի զարգացումը կապում է հիմնականում թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների հետ։
2020 թվականին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 230,8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է -13,9%-ով։ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 0,5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, այսինքն՝ շուրջ 4,5 անգամ կրճատվել է դեպի Թուրքիա արտահանումը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 5,66 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ներմուծումը նվազել է շուրջ 5,5 անգամ։ Փաստորեն ստացվում է, որ պաշտոնական թվերով թուրքական ապրանքների ներկրումը նվազում է, բայց տոնավաճառներում, մոլերում թուրքական ապրանքների պակաս չկա։ Միայն իշխանություններին մոտ գտնվող օլիգարխի մոլերում 5,6 մլն դոլարից ավել թուրքական ապրանք կա։ Ուղղակի չէր կարող թուրքական ապրանքների ներկրման արգելքի պայմաններում մինչև հիմա պահպանվեր տեսականին և վաճառքը։
Այո, թուրքական ապրանքները շարունակվում են ներկրվել այլ երկրների անվան տակ, իսկ լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, կամ տեղյակ չէ կամ աչք է փակում այս ամենի վրա»։