Գոռ Գևորգյանի հարցին չպատասխանելու ագրեսիան ուղղված էր «Իմ քայլը»-ի պատգամավորներին. Թովմասյան
«Եթե առաջին օրը չի ասել Օնիկ Գասպարյանը, որ պատերազմը պետք է դադարեցվի, ապա ե՞րբ է ասել. գուցե առաջին օրը չի ասել, երկրորդ օրն է ասել, կամ գուցե առաջին օրվա երկրորդ կեսին է ասել»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան հեռակա դիսկուրսին։
Ըստ պատգամավորի, էական չէ, թե ԱԽ նիստի ժամանակ ինչ է ասվել։
«Մենք գիտեինք, չէ՞, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ։ Եվ որևէ մեկի մտքով անցնում էր, որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ի գերպրոֆեսիոնալ բանակին հաղթե՞լ։ Այսինքն՝ մենք այդքան լավատե՞ս էինք։ Ինչի՞ վրա էր մեր հույսը։ Նույնիսկ եթե պատերազմը դադարեցնելու մասին չէր ասվել, պետք էր մտածել դրա մասին...։ Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք մեր ռիսկերը չենք հաշվել։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ պատերազմը կանգնեցվեց՝ «Լելե-Թեփեն» հանձնելով, բայց գուցե ճիշտը դա էր»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանը որպես արդարացում ասում է, թե սեպտեմբերի 27-ին, երբ ինքն ԱԺ-ում ելույթ էր ունենում, որևէ մեկը չի ասել, թե պետք է հողերը հանձնել, և դրա համար է ինքը որոշել պայքարել, Թագուհի Թովմասյանը հարցով արձագանքեց.
«Մենք պետության ղեկավար ենք ընտրում, որ հետո ասենք՝ ինչ անի՞։ Ինքը պետք է առաջնորդվի պետական շահով, ռիսկերը գնահատի ու գնա առաջ։ Բայց չգնահատվեցին ռիսկերը..., ի՞նչ, եթե ասեինք գնա հանձնիր հողերը, պիտի հանձներ, իսկ հետո, երբ ասեինք՝ վայ չէ, փոշմանել ենք, պայքարի, պիտի դա անե՞ր»։
Անդրադառնալով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատասխանին, որում Փաշինյանը պատգամավորին ասաց. «Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում»՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հայտարարությունն առաջին հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար էր։
«Կարծում եմ, որ ներսում կա մտավախություն, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից, և իրեն ուզում են հասկացնել, որ եթե դու դուրս գաս խմբակցությունից ու նստես Գոռ Գևորգյանի կողքին, քեզ էլ կսպասվի այս ապագան»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ Գոռ Գևորգյանը պատմական գիտությունների դոցենտ է, ֆինանսների նախարարի օգնականն է եղել. «Եթե իրենք չգիտեին՝ ով է Գոռ Գևորգյանը, ապա ինչպե՞ս էին ներառել իրենց ցուցակ»։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները հայտնվել են ԱԺ-ում նույն կերպ, ինչպես ես. Գևորգյան
- Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար. Գոռ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին