Կառավարությունը հավանություն տվեց Ամանորի «խրախճանքի տասնօրյակը» վերացնելու նախագծին
«Նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը»,- կառավարության այսօրվա նիստում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին հավանություն տալու հարցը քննարկելիս հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա հիմնավորեց, որ նախագիծն ուղղված է Հայաստանի ուժեղ տնտեսության կայացմանը:
Քերոբյանի հիմնավորմամբ՝ գործող օրենքն այսօր Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում է 10 օր, որի ընթացքում «խրախճանքի տասնօրյակ» է հայտարարվում:
«Այսօրվա Հայաստանի և նրա ապագայով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաքացին, գործարարը և ամբողջ տնտեսությունը չեն կարող թույլ տալ մնա շռայլություն և մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը:
Նրա պնդմամբ՝ օրենքի ընդունմամբ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով:
Ըստ նախարարի՝ դրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ հրաժարվել այդ օրերին աշխատելուց:
Նախարարը ոչ աշխատանքային օրերը կրճատելու առաջարկին զուգահեռ, մարդկությանն անհայտ տրամաբանությամբ սկսեց խոսել աշխատողների իրավունքի, մասնավորապես՝ օրենքով հասանելիք հանգստի խնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին:
«Յուրաքնչյուր հայ պետք է մտածի ավելի բարձր տնտեսական արժեք ստեղծելու մասին, որպեսզի մեր երկիրը հզորանա»,-հայտնեց Վահան Քերոբյանը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խուճապի չմատնվել, քանի որ օրենքն ընդունելու նախկին փորձերի նման, այն քննարկում են ոչ թե տոների նախօրեին՝ դեկտեմբերին, այլ գարնանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, թե ինչու է նախարարությունը նախագծին դեմ: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում, և 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը:
Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի:
Կառավարությունը որոշեց ընդունել որոշումը, բայց դրա մասին վերջնական եզրակացություն չտալ, այլ հնարավորություն ընձեռել, որ հարցը դրվի շրջանառության մեջ և քննարկվի հասարակության շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է. Վահան Քերոբյան
- Պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ հատկացվեց ապրիլին արցախցիների 68 հազարական դրամները տալու համար
- Կառավարությունն այսօր կհաստատի տիեզերական պատահարների քննության կարգը և կձևավորի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան