Արմեն Սարգսյանը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ
Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:
Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։
Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:
Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում:
Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի:
Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար:
Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով»,- նշված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները
- Զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելու համար Փաշինյանը կարող էր ճտացնել ու փակել ֆեյքերի ինկուբատորը. Զոհրաբյան
- Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից
- Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
- Լրագրողական կազմակերպություններն Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել նոր ընդունված օրենքը
- Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան