«Մեր իշխանության կողմից բավարար աշխատանք չեմ տեսնում գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ»
Այսօր աշխարհի 15 քաղաքներում անցկացվում է համաշխարհային լուռ բողոքի ակցիա` պահանջելով վերադարձնել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։ Երևանում ակցիան տեղի է ունենում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
«Աշխարհի շուրջ 15 քաղաքներում իրականացվում է լուռ բողոքի ակցիա Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և Հայաստանի քաղաքացիների անհապաղ և առանց նախապայմանի վերադարձի պահանջով»,- հայտարարեց երևանյան ակցիայի կազմակերպիչը:
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը որևէ քաղաքական ուղղվածություն չունի, քաղաքացիական է: Մեկնարկը տրվում Երևանում, տարածվում Արևմուտք: Այսօր մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում, Մարսելում, Մոսկվայում և այլուր՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը։
«Քաղաքների ցանկն ավելանալու է, սատարողների թիվն ավելանալու է: Քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանները, մեր հայրենակիցները շարունակելու են բարձրաձյանել Ադրբեջանի ապօրինությունների մասին, պահանջելու ենք հայ ռազմագերիների և Հայաստանի քաղաքացիների վերադարձը:
Պահանջում ենք գործնական քայլեր աշխարհի տերությունների ղեկավարներից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից անհապաղ վերադարձնելու մեր հայրենակիցներին»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Ակցիային ներկա են նաև գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ:
«Մենք պահանջում ենք մեր գերիների շուտափույթ վերադարձ, բոլոր երկներին կոչ ենք անում միջամտեն ու մեր գերիներին ազատ արձակեն»,- ասաց ռազմագերիներից մեկի հայրը:
Նրանք խնդրում են միջազգային կազմակերպություններին՝ պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հետ վերադարձնեն Հայաստան, պահանջը մեկն է, իսկ Հայաստանի կառավարությանն ու ՌԴ-ին Ադրբեջանին ստիպեն նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները լիարժեք կատարի:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ միացել է նախաձեռնությանը, քանի որ բավարար աշխատանք չի տեսնում իշխանության, կառավարության կողմից. «Կարծում եմ՝ իրենց ամենօրյա, ամենժամյա հարցը պետք է լիներ գերիների շուտափույթ վերադարձը, որը, ցավոք, չենք նկատում: Մենք փորձում ենք մեր ուժերով դիմել տարբեր երկրներին կառավարություններին: Ակցիաները շարունակական են լինելու մինչև չհասնենք մեր ուզածին:
Չի կարելի վստահել մի պետության, որը ամեն քայլով ցույց է տալիս, որ նվաստացնում է մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: Դա պետք է կանգնեցնել»:
Նրանք հորդրում են ՀՀ կառավարությանը ժամ առաջ աշխատանքներն ավելացնել գերիների վերադարձի ուղղությամբ՝ հասնելու ցանկալի արդյունքի:
Ակցիայի մասնակիցները նամակ-ուղերձ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ, այնուհետև երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով:
Հարակից հրապարակումներ`
- Հայ գերիներին ազատելու պահանջով ակցիան Լեհաստանում չեղարկվել է՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքների պատճառով
- Այսօր տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
- RBC. ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ հայկական կողմը 200 գերիների ցուցակ է փոխանցել ԿԽՄԿ-ին
- ՀՀ ՄԻՊ-ը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար
- Ըստ Փաշինյանի՝ գերիների վերադարձի մասին իշխանության տարածած հակասական տեղեկությունների համար պատասխանատու է Ալիևը
- «Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»
- ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է համագործակցի ՄԻԵԴ-ի հետ ու անհապաղ վերադարձնի հայ գերիներին