«Ժողովուրդ». ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել քաղաքապետարանից և չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից և չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարանին և փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, և ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը:
Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, և վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլևս չի շփվում իմքայլականների հետ և վերահսկողությունից դուրս է եկել: Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: