Բայդենի վարչակազմը սահմանել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու նոր վերջնաժամկետ
Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան բոլոր զորքերի դուրս բերման իր ծրագրի մասին, որը տեղի կունենա մինչև սեպտեմբերի 11-ը: Դեռևս անցած տարի Թրամփի վարչակազմն ու Թալիբանը պայմանավորվել էին դուրս բերել ուժերը մինչև մայիսի 1-ը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
20 տարի անց մոտ տրիլիոն դոլար ծախսելուց ու ավելի քան 2300 ամերիկացու և տասնյակ հազարավոր աֆղանստանցու կյանքերի կորստից հետո ԱՄՆ դուրս է բերում զուրքերն Աֆղանստանից:
Այս մասին ազդարարած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շեշտում է՝ «մենք պատերազմեցինք մեր առջև ունենալով հստակ նպատակներ և հասանք դրանց: Բեն Լադենը այլևս ողջ չէ, իսկ Ալ-Քաիդան ջախջախված է Իրաքում և Աֆղանստանում: Ժամանակն է վերջ դնել հավերժ պատերազմին»։
Չորեքշաբթի օրը նախագահը հայտարարեց, որ ամերիկյան բոլոր զորքերը՝ շուրջ 2500 զինվորականներ, դուրս կգան Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը: ԱՄՆ-ը Աֆղանստան էր ներխուժել երկու տասնամյակ առաջ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հարձակումներից հետո, որոնք ապաստան էին գտել այստեղ:
Թրամփի վարչակազմը նախկինում մայիսի 1-ը սահմանել էր որպես զորքերի դուրսբերման վերջնաժամկետ ՝ պայմանով, որ «Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, դադարեցնի իր կապերը ծայրահեղ մահմեդական Ալ-Քաիդայի հետ:
Բայդենը զորքերը դուրս է բերում առանց նախապայմանների՝ պնդելով, որ իմաստ չունի շարունակել պատերազմն այստեղ և ակնկալել ինչ-որ արդյունքներ:
Որոշ հանրապետականներ նշում են, որ թալիբները կվերականգնեն ողջ վերահսկողությունը և վնաս կհասցնեն աֆղանական և ամերիկյան շահերին:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը քննադատել է նախագահի այդ որոշումը՝ նշելով, որ նախագահ Բայդենը ընտրել է առկա ամենառիսկային տարբերակը, որը միտված է ամեն գնով զորքերի դուրս բերմանը:
ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հայտարարեց Աֆղանստանից իր 10,000-անոց զորամիավորման դուրսբերման մասին մինչև մայիսի 1-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ այս ժամանակահատվածում «Թալիբան» շարժման ցանկացած հարձակում ՆԱՏՕ-ի զորքերի դեմ կհանդիպի ուժգին պատասխանի:
ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կշարունակեն նախապատրաստել և վերազինել մոտ 300,000-անոց աֆղանական զորքերին, ինչպես նաև մարդասիրական և դիվանագիտական օժանդակություն կտրամադրեն երկրին: Նախագահ Բայդենն ընդգծել է նաև, որ ԱՄՆ կշարունակի նպաստել Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացին:
Ի պատասխան Բայդենի՝ մայիսի փոխարեն սեպտեմբերին զորքերը դուրս բերելու որոշմանը, թալիբները հանդես եկան նախազգուշացմամբ, որը մեծացրեց մտավախությունները բռնությունների ծավալման և Աֆղանստանի կառավարության անկման շուրջ:
«Հավանաբար չկա մի տարբերակ, որը էապես նվազեցնի բռնության մակարդակը: Սեղանին հավանաբար դրված չէ նաև որևէ տարբերակ միտված Աֆղանստանի կառուցմանն այն ճանապարհով, ինչպես հավանաբար պատկերացնում էր ԱՄՆ, երբ ներդնում էր պատերազմում ավելի քան տրիլիոն դոլար: Այնպես որ, այո, սա հավանաբար լավագույնն է վատ տարբերակների շարքում»,- ասում է վերլուծաբան Օսթին Ռայթը Չիկագոյի համալսարանից:
Աֆղանստանի Խաղաղության խորհուրդը, որը ստեղծվել է «Թալիբանի» հետ բանակցելու համար, պատրաստվում է հանդիպել Թուրքիայում այս ամսվա վերջին, բայց խաղաղության հեռանկարները մշուշոտ են:
Իր ելույթից հետո Բայդենն այցելել է Արլինգտոնի ազգային գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում իրենց կյանքը կորցրած զինվորների շիրիմներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա