«Հրապարակ». Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձևաչափով, օրակարգով և ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։ Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։
Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաև Ռուսաստանից ժամանած մասնագետներից։ Այս թիմն իր առաջ նպատակ է դրել գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տհաճ անակնկալ մատուցել և բոլորի համար անսպասելի բարձր տոկոսներ «խփել»։
Նկատենք, որ Վանեցյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համեմատաբար կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել են դաշտում, բայց այս ընթացքում կարողացել են հայտնի դառնալ՝ մեկ տարվա մեջ մոտ 70 գրասենյակ են բացել մարզերում և պատրաստվում են ակտիվ դերակատարում ստանձնել երկրի քաղաքական կյանքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում