Ոռոգման ջուրը չեն տալիս, Ագարակի թուզն ու նուռը՝ վտանգի տակ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում շոգ է, օդի ջերմաստիճանը բարձր է +30-ից, ծառերից ծաղիկները թափվել են, ծառերը ծարավ են, բայց ոռոգման ջուր չկա։ Այգետերերը հույս էլ չունեն, որ ջրի հարցը շուտով կկարգավորվի։
Հայաստանի ամենահարավում տեղեկայված համայնքում ոռոգման շրջանը սկսում է ապրիլի 1-ից։ Այսօրվա՝ ապրիլի 16-ի դրությամբ ոչ մի անգամ չեն կարողացել ջրել ծառերը։ Ջրի բացակայության հետևանքով վտանգի տակ են հայտնվել ոչ միայն Ագարակի հանրահայտ ու մեղրանուշ նուռը, թուզը, արքայանարինջը, այլև նորատունկ այգիները։
Ջրատար խողովակը վնասվել է, իսկ վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներն ուշանում են։
Ագարակցիները քաղաքից մոտ 10 կմ հեռավարության վրա գտնվող վթարի վայր են գնացել։ Ասում են՝ ցանկության դեպքում խնդրի վերացումը առավելագույնը մեկ ժամվա գործ է։
«Ես հենց նոր այնտեղից եմ վերադառնում։ Նկարել եմ։ 730 մմ տրամագծով խողովակ է, սկսում է Մեղրու գետից, որը գնում դեպի Արաքս, Ադրբեջան, գալիս դեպի Ագարակ։ Հիմա էդ խողովակի ներքևի հատվածում 15-20 սմ-ի չափով ճեղք է բացվել։ Ես ջրային տնտեսությանը, մարզային ղեկավարությանը հայտնել եմ, ասում են՝ ուղարկել են Ջրային կոմիտե, նախագիծ է կազմվում։ Բայց մեր ոռոգման սեզոնը սկսել է ապրիլի 1-ից։ Հենց այս պահին շվաքում +33 աստիճան է»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդիրը ներկայացնում է Գևորգ Աթանեսյանը։
Այգեգործն ասում է, այսօր վթարի վայր գնացել է եռակցողի հետ, վերջինը նայել է, ասել՝ 20 րոպեի գործ է խնդրի վերացումը, մի հատ «լադկա» կարելի է դնել ու վերջ։ Գևորգ Աթանեսյանը պատրաստ է սեփական գրպանից վճարել խողովակի եռակցման համար։
«Բայց ինձ թույլ չտվեցին խողովակի վրա աշխատանք կատարել, ասում են՝ պետք է փոխել։ Ես նկարել եմ, թազա խողովակ է, ժանգը չի կերել։ Ինձ ասում են՝ չէ, խողովակը պետք է փոխել։ Պատկերացնո՞ւմ եք, 20 սմ ճեղքի վրա կարկատան դնելու համար նախագիծ են կազմում։ Լավ ասենք պետք է փոխել, կարելի է գետի ջրի, որ զրնգալով գնում է Արաքսը, հունը փոխել, խողովակով գա, ջրենք, թող ճողվածքով էլ գնա լցվի Արաքսը։ Սա միջանկյալ լուծում կլինի մինչև վերանորոգման աշխատանքների մեկնարկը»,-նշում է ագարակցի Գևորգը։
Լուսանկարը տրամադրել է Գ. Աթանեսյանը։
Նրա՝ 2700-2800 քմ մակերեսով այգում պտղատու ծառերը խեղճացել են, վրայի բերքը չի մեծանում։ Նույն վիճակում են նաև քաղաքի մեձակայքում գտնվող 30-40 հա այգիները։
Ոռոգման ջրի խնդրի լուծման ձգձգումը, ըստ Panorama.am-ի զրուցակցի, քաղաքականության հետ կապ ունի, բայց այդ թեմաների մասին խոսել չի ուզում, միայն զգուշացնում է. «Մեղրիից, Ագարակից արտագաղթ չի լինելու։ Մեղրին ոչ մեկին չենք տալու»։
Ագարակի մեկ այլ բնակիչ Արթուր Հայրապետյանն առավոտից արդեն մի քանի անգամ տնից մեքենայով տարաներով ջուր է հասցրել մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվող այգի, որ նորատունկ ծառերը ջրի։
«Օրվա մեջ մի քանի անգամ մեքենայով մի 80 լիտր ջուր եմ բերում, ծառերը ջրում, որ չչորանան։ Մոտ 3 հազար քմ այգի է, նորատունկ նուռ ու թուզ են։ Մեծ ծառեր լինեին, գուցե չչորանային, բայց հիմա վտանգի տակ են։ Կարծես դիտավորյալ ջուրը չեն տալիս»,-նշում է Ա. Հայրապետյանը՝ նշելով, որ ցանկության դեպքում հնարավոր էր արագ ու հեշտ խնդրին թեկուզ ժամանակավոր լուծում տալ։
Խնդրի մասին Panorama.am-ը տեղյակ է պահել ՏԿԵՆ Ջրային կոմիտե, հարցեր ուղղել։ Խոստացել են պատասխանել։ Պատասխանները ստանալուն պես դրանք կհրապարկվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին