Ո՞վ է ասել՝ պատերազմից հետո, 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք. Աննա Կոստանյան
«Ո՞վ է ասել, որ պատերազմում և դրանից հետո էլ, այն էլ 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք ամբողջ աշխարհի առաջ»,- այսօր խորհրդարանում վերսկսված ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա իշխանություններին կոչ արեց մեղավորներ չփնտրել նախկինների, նախկինների նախկինների ու նրանց նախկինների մեջ, քանի որ պատերազմի և նրա ողբերգական ավարտի թիվ մեկ պատասխանատուն իրենք են:
Պատգամավորը փաստեց, որ «Ինչ ուզում ենք, կամ ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» կարգախոսով իշխանության դիվանագիտությանը հաջորդեց պատերազմը, հասարակության գիտակցության թմրեցումը և տեղեկատվական բլոկադան և վերջում պարտությունը:
«Եթե չեք կարողանում դիվանագիտորեն համարժեք լեզվով պատասխանել, ապա կարծում եմ, որ պետք է մի կողմ քաշվեք և թողնեք խոսել նրանց, ովքեր կարող են խոսել»,- հայտարարեց Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին իշխանությունների չպատասխանելու փաստին:
Անդրադառնալով կառավարության ծրագրի կրթության ոլորտին՝ պատգամավորը հայտնեց, որ իշխանությունը գերակա էր ճանաչել այն, բայց բոլոր այն ծրագրերը, որոնք իշխանությունը խոստացել էր 2020 թվականի ծրագրով, չի իրականացվել:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը չի ամրապնդվել:
Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով էլ հարված է հասցվել ԲՈւՀ-երի ինքնավարությանը, իսկ երիտասարդ գիտնականների ապրելու և աշխատանքի համար պայմաններ չի ստեղծվել: