Հենց դուք սկսել եք լավ ապրել, այդ օրվանից սաղ կործանվել է. Մարուքյանը՝ իմքայլականներին
«Մենք առաջին օրվանից ասում ենք եկեք ստեղծենք պարետետային փաստահավաք խումբ և բացահայտենք ճշմարտությունը»,- այսօր խորհրդարաում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե ԼՀԿ առաջնորդը ուզում է թաքցնել ճշմարտությունն ու մեղադրել ընդամենը մեկ անձի։
Նա նշեց՝ իրեն հայտնել են, որ իրենց առաջարկը՝ պարետետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ, «Իմ քայլը»-ում քննարկելու ժամանակ իշխանական պատգամավորներն ասել են. «Էդմոն Մարուքյանի առաջարկը չպետք է ընդունենք, դրա ձեռը հանձնաժողով ընկավ, սաղս կդատվենք, մինչև վերջ կբացահայտի»։
Ապա, դիմելով ԱԺ փոխխոսնակին, ԼՀԿ առաջնորդն ասաց. «Էդ ամենը որ գիտեք, էլ ո՞նց եք ինձ մեղադրում ճշմարտությունը թաղելու մեջ»։
Այնուամենայնիվ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի ուզում պատերազմին անդրադառնալ, քանի որ խորհրդարանում քննարկվում է Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականը։
«Փաշինյանն ունեցել է 1 ժամ ելույթի իրավունք, եկել այդ ելույթն ունեցել է ու խորհրդարանին արհամարհեց գնաց, ոչ էլ գալիս է, ոչ էլ լսում, թե ով ինչ է խոսում։ Այսինքն՝ պատգամավորների ելույթներն արհամարհվել են։ Տիկի՛ն Նազարյան, որպես ԱԺ ղեկավարություն, պետք է Փաշինյանին ասեիք՝ արի, տեղդ նստի»,- նշեց նա։
Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների ու իշխանականների ելույթներին՝ պատգամավորն ասաց, որ դրանք բոլորը նույն բանի մասին են, թե «30 տարի երկիրը թալանել են»։
«Այդ 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն, այսինքն՝ 10 տոկոսը։ Գայիք ասեիք՝ 3 տարում 10 տոկոսով այս, այն և մյուս ոլորտը զարգացել է։ Ոչ թե 3 տարում բնակչության 10 տոկոսը պակասեր, տնտեսությունը տապալվեր, բանակը կործանվեր, դիվանագիտությունը կոծանվեր։ Եկել ասում եք, թե նրանք մեղավոր է։ Որ նախկինները մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք էստեղ, ձեզ ո՞վ պետք է ընտրեր»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև «Լելե-Թեփեի» օպերացիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն այդտեղ մոդերատոր է եղել, կանչել է գեներալնեին, կարծիքներ հարցրել, իսկ ինքը միայն մոդերատորի դեր է կատարել։
«Այդպես մոդերատորի պես էլ բանակցել է։ Գնացել է Ալիևին հարցրել է դու ի՞նչ կարծիքի ես, Պուտինի հարցրել է՝ բա դո՞ւ ինչ կարծիքի ես, հետո հարցրել է Թրամփի ու Մակրոնի կարծիքներն ու եղավ, ինչ եղավ։ Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք։ Եվ ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը՝ դուք ազգակործան պատուհաս եք»,- նկատեց նա։
Դիմելով իշխանություններին՝ Մարուքյանն ասաց, որ կառավարական առանձնատներ գնալ և ապրելով նրանք դավաճանել են հեղափոխությանը։
«Դուք սկսել եք լավ ապրել, ու այդ օրվանից սաղ կործանվել է, վարի է գնացել։ Մի հատ նայեք՝ Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում։ Եկել ասում է՝ Արմեն Եղիազարյանը Էդմոն Մարուքյանի ընկերն է, այո՛, իմ ֆրակցիայում բոլորն էլ իմ ընկերներն են։ Դուք մերժում էիք աներ-փեսա-աներձագ կապերը, բայց ինչքան աներձագ փեսա ու մորքուրի տղա ունի, գործի եք դրել։ Եթե 5 կայացած համակարգ կար նախկինների օրոք, այս իշխանությունը քանդել է, իսկ իրենց ունեցած արատավոր բաները վերցրել ու օգտագործում եք ի շահ ձեր իշխանության...։ Ոնց որ իշխանության մանյակ լինեք»,- ասաց էդմոն Մարուքյանը։
Ապա, եզրափակելով խոսքը, նա դիմեց արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին։
«Եթե ուզում եք, որ այս իշխանությունը չվերարտադրվի, վերջ տվեք նախկինների հետ պայքարին։ Էդ դղյակները բան, որ ասում եք...։ Բա 3 տարում խի՞ հետ չվերցրիք այդ դղյակները, մի հատ հյուրանոց վերցրիք, 140 հոգի դարձավ գործազուրկ, հյուրանոցն էլ չեք աշխատացնում։ Դուք ի՞նչ եք կյանքում աշխատացրել, է՞, որ հյուրանոցն էլ աշխատացնեք»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյան
- Ո՞վ է ասել՝ պատերազմից հետո, 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք. Աննա Կոստանյան
- ՀՀ կառավարությունն աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ. Տարոն Սիմոնյան
- Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ դուք գնացել եք արկածախնդրության. Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանին