Արդյո՞ք ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության դիմաց Երևանը բարձրացրել է գերիների վերադարձի հարցը
«Մոտ ժամանակներս մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ին:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը, նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնվի»:
Մեկ այլ հարցի, թե արդյոք ճիշտ են ռուսական «rbk» լրատվականի տեղեկությունները, որ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու նախապայման՝ Երևանը բարձրացրել է ռազմագերիների և ճանապարհների ապաշրջափակման հարցերը, փոխվարչապետը պատասխանեց.«Դուք ընտրում եք երկու բաղադրիչ մի հարցից, որը բազմաշերտ է: Եկեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձևավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները:
Դա վետո չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես անձամբ դրա մասին կներկայացնեմ, որտեղ նշված կլինեն համաձայնություն տալու կամ չտալու հիմքերը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Հայաստանը գերիների հարցը որպես նախապայման դրե՞լ է, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այս գործընթացը ենադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում: Ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասելու ենք՝ այո, կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայման դնելուն, դրա համար պետք է ասեք, թե ո՞ւմ առջև դնենք նախապայմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան