Առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին:
Նախագծի հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով, նախագծով առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 5.1 մասով: Ըստ այդմ, տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը։
Հավելենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում։