Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներն անձամբ կներկայացնեն իրենց ընտանիքի անցած ուղին
Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Ներկայացվելու են Հայոց ցեղասպանությունը վերապրածների, այդ թվում նաև ՀՑԹԻ աշխատակիցների, ընտանիքների պատմությունները (շուրջ երեք տասնյակ): Պատմությունները, որոնք շրջանառության մեջ են դրվելու առաջին անգամ, կուղեկցվեն ՀՑԹԻ ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով՝ լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլ նյութերով: Ներկայացվելու են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից:
Ցուցադրությանը ներկա են գտնվելու ԱՄՆ-ից, Կիպրոսից, Արգենտինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանում հաստատված վերապրողների ժառանգները, ովքեր անձամբ կներկայացնեն իրենց ընտանիքի անցած դժվարին ուղին:
Ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի կունենա ներկայացվող ընտանիքներից մեկի՝ մալաթիացի Թևեքելյան ընտանիքի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը:
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը: